ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել այն բանի համար, որ չի արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակին՝ այդ որոշումը որակելով խայտառակ և ամոթալի։ Նրա խոսքով՝ այդ որոշումը բիծ է թողել Նորվեգիայի վրա, որտեղ գտնվում է Նոբելյան կոմիտեն, հայտնում է Reuters-ը։
Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է Նավանեթեմ «Նավի» Փիլային՝ «խաղաղությունը և միջազգային իրավունքը խթանելու համար»:
85-ամյա Փիլայը հարավաֆրիկացի իրավաբան և իրավապաշտպան է, ով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն էր 2008-2014 թվականներին: Եղել է նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր, Ռուանդայի հարցով միջազգային քրեական դատարանի նախագահ: Նա գլխավորել է պաղեստինյան օկուպացված տարածքի հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը, որն անցած տարի եզրակացրել էր, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է գործել:
Թրամփը Փիլային անվանել է «անհայտ անձնավորություն»: «Ես երբեք չեմ լսել այդ մարդու մասին։ Ոչ ոք չի լսել», - ասել է նա։
«Սա անջնջելի բիծ է Նորվեգիայի և այն մարդկանց համար, ովքեր կայացրել են նման խայտառակ ու ամոթալի որոշում», - նշել է Թրամփը։
Նա թվարկել է մի շարք հակամարտություններ, որոնց կարգավորման գործում, ըստ իր պնդման, դերակատարում է ունեցել, և հայտարարել, թե օգնել է կանխել պատերազմների բռնկումը Հյուսիսային և Հարավային Կորեաների, Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև Չինաստանի և Թայվանի միջև՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։
«Նոբելյան խաղաղության մրցանակը հավերժ վարկաբեկվել է մի խումբ արմատական գաղափարախոսների կողմից, ովքեր դեմ են ժողովրդավարությանը և, ըստ էության, քաղաքակրթության թշնամիներ են։ Եվ մենք դա չենք մոռանա, Նորվեգիա», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։