Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի և Իրանի հակամարտությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «շատ լավ հեռախոսազրույց» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ։

«Նախագահ Պուտինի և [Ուկրաինայի] նախագահ Զելենսկու միջև կա հսկայական ատելություն։ Նրանք, կարծես, չեն կարողանում համաձայնության գալ, բայց կարծում եմ, որ դա դրական հեռախոսազրույց էր այդ թեմայով», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինը «ցանկանում է օգտակար լինել» Իրանի հակամարտության հարցում։

«Ես ասացի՝ Դուք կարող եք ավելի օգտակար լինել՝ ավարտելով Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը։ Դա ավելի օգտակար կլինի», - նշել է Թրամփը։

Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության օգնականը հայտարարել է, որ Պուտինը գաղափար է առաջարկել «իրանյան հակամարտության արագ և դիվանագիտական ավարտի» համար։