Թրամփն ակնկալում է, որ Իրանը կձգտի համաձայնագրի՝ ԱՄՆ-ի հարվածներից խուսափելու համար

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը կփորձի բանակցել համաձայնագրի շուրջ՝ ամերիկյան ռազմական գործողություններին բախվելու փոխարեն, թեև Վաշինգտոնին ի պատասխան Թեհրանը զգուշացրել էր, որ պատրաստ է «անհապաղ արձագանքելու ցանկացած ագրեսիայի»:

«Կարող եմ ասել հետևյալը՝ նրանք, իսկապես, ցանկանում են գործարք կնքել», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք նախագահն Իրանին վերջնաժամկետ է տվել իր միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ բանակցություններ սկսելու համար, Թրամփը պատասխանեց՝ «այո, տվել եմ», բայց հրաժարվեց մանրամասներ հայտնել:

«Մենք ունենք մեծ նավատորմ, որը հենց հիմա շարժվում է դեպի Իրան», - հայտարարեց ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Իրանի ափամերձ ջրերում գտնվող ԱՄՆ ռազմածովային նավատորմի խումբը։

«Հուսով եմ՝ մենք կկնքենք համաձայնագիր։ Եթե մենք համաձայնագիր կնքենք, դա լավ է։ Եթե համաձայնագիր չկնքենք, կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը համաձայն է վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա

Նախօրեին Ստամբուլում թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է, որ Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով, սակայն, ընդգծել է նա, երկխոսությունը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի հիմա վրա:

«Եթե բանակցությունները արդար և հավասար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել դրանց», - վստահեցրել է նախարարը:

Արաղչին միաժամանակ ասել է, որ այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև որևէ բանակցություններ չեն կազմակերպվել։ Նա նաև շեշտել է՝ Իրանի պաշտպանական կարողությունները երբեք չեն կարող դառնալ բանակցությունների առարկա: