Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը պատժամիջոցներ է պատրաստել ամբողջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ և պատրաստվում է շուտով հայտարարել դրանց մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով լավատեղյակ երկու աղբյուրների:
Գործակալությունը նշում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի թաքցրել իր դժգոհությունը դատարանից: Մասնավորապես, ԱՄՆ պաշտոնյաները ցանկանում են, որ դատարանը հրաժարվի Իսրայելի ղեկավարների ձերբակալման օրդերից, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկյան զորքերի վերաբերյալ անցյալում հարուցած քննությունից:
Վաշինգտոնն արդեն իսկ պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ դատավորների և դատախազների նկատմամբ, սակայն մինչ օրս ձեռնպահ է մնացել հենց դատարանի դեմ պատժամիջոցներից:
ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին չի արձագանքել:
Ամբողջ աշխարհում պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունները քննող գլոբալ ատյանի դեմ պատժամիջոցները խիստ կվտանգեն դատարանի աշխատանքը, ընդգծում է Reuters-ը: Մասնավորապես, ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններին կարգելվի ֆինանսավորել կամ ապրանքներ մատակարարել ու ծառայություններ մատուցել ՄՔԴ-ին առանց համապատասխան գերատեսչության արտոնագրի, պատժամիջոցները կարող են ազդել նաև դատարանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ կամ ապահովագրական ծառայություններ ձեռք բերելու հնարավորության վրա:
Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 2002 թվականին միջազգային հանրության կողմից՝ պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները քննելու համար: Միացյալ Նահանգները երբեք չի անդամակցել դատարանին:
Հայաստանը Միջազգային քրեական դատարանին միացել է 2024 թվականի փետրվարից: