Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել ապաստան հայցող օտարերկրացիների վիզաները

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ նախատեսում է չեղարկել ԱՄՆ-ում ապաստանի կարգավիճակ ստանալու համար դիմած կամ ներկայումս ապաստան հայցող օտարերկրացիների ոչ ներգաղթային վիզաները։ Սա ներգաղթի ոլորտում լայնածավալ խստացումների շրջանակում վարչակազմի հերթական քայլն է։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ գերատեսչությունը համագործակցում է համապատասխան նախարարության հետ՝ «հայտնաբերելու և չեղարկելու այն օտարերկրացիների ոչ ներգաղթային վիզաները, որոնք ԱՄՆ են եկել՝ հայտարարելով, թե կարճաժամկետ այցելություններ են, սակայն այնուհետև ապաստան են հայցել՝ երկրում մշտապես մնալու համար»։

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ չի նշվում, թե գործընթացի շրջանակում քանի վիզա է նախատեսվում չեղարկել։

Associated Press-ը հայտնել է, որ գործնական և զբոսաշրջային նպատակով տրված վիզաները նախատեսվում է չեղարկել մինչև 200,000 օտարերկրացու համար։ Եթե այս ծրագիրն իրականացվի, դա ԱՄՆ պատմության մեջ վիզաների զանգվածային չեղարկման ամենամեծ դեպքը կլինի։ AP-ն հղում է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերին և երկու ամերիկացի պաշտոնյաների։

AP-ի հաղորդմամբ՝ Պետդեպարտամենտը կչեղարկի 2016-2026 թվականներին տրված B1 և B2 տեսակի վիզաները, որոնց ստացողները նախկինում ապաստան են հայցել կամ ներկայումս ապաստան հայցելու գործընթացում են։ B1 և B2 ոչ ներգաղթային վիզաները տրվում են համապատասխանաբար գործնական և զբոսաշրջային ուղևորությունների համար։