Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա է եղել ԱՄՆ նախագահը, հրաձգություն է տեղի ունեցել: Երկրի առաջին դեմքերին տարհանել են, միջոցառումը հետաձգվել է մեկ ամսով։ Ենթադրյալ կրակողը ձերբակալվել է, նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն։
Բարձրաստիճան պաշտոնյաների թվում էին նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։
Ընթրիքի մասնակիցները առաջին կրակոցներից հետո թաքնվել են սեղանների տակ։
Դեպքի վայրում աշխատող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը պատմել է, որ լսել է մի աղմուկ, որին հաջորդել են կրակոցների մասին ճիչեր, ինչը խուճապ է առաջացրել: Ապա ոստիկանությունը շրջափակել է հյուրանոցը, ուղղաթիռներ են հայտնվել տարածքում:
Թրամփը հաստատել է, որ կասկածյալը զինված է եղել մի քանի զինատեսակներով, և հայտնել, որ իրավապահ մարմինների առնվազն մեկ աշխատակից գնդակահարվել է: Նա, սակայն, պաշտպանված է եղել զրահաբաճկոնով:
«Նրա վրա կրակել են շատ մոտ տարածությունից շատ հզոր ատրճանակով, և զրահաբաճկոնն իր գործն արել է», - ասել է Թրամփը:
Հետաքննությունը շարունակվում է: