Թրամփ․ Իրանը բազմաթիվ զիջումների է գնում, նրանք համաձայնում են իմ ամեն ուզածին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, Սպիտակ տուն, 24-ը հունիսի, 2026թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թեհրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին՝ միևնույն ժամանակ կրկին դժգոհելով եվրոպացի դաշնակիցներից՝ Իրանի դեմ պատերազմում աջակցություն չտրամադրելու համար։

Նախօրեին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները արագ են առաջ շարժվում՝ պնդելով․ «Իրանը բազմաթիվ զիջումների է գնում, և մենք հաղթում ենք մեծ առավելությամբ»։

Թրամփը նաև վերահաստատել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարներ կամ տուրքեր սահմանելու ցանկացած փորձ անընդունելի կլինի։

Թեև Թեհրանը դեռ չի թույլատրում տեսուչներին մուտք գործել վնասված միջուկային օբյեկտներ, Թրամփը պնդում է, որ Իրանը, փաստորեն, համաձայնել է միջազգային վերահսկողությանը, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Միջուկային էներգիայի միջազգային գործակալության համատեղ տեսչական ստուգումներին։

«Նրանք համաձայնում են իմ մեն ուզածին, և նրանք ստիպված են դա անել. հակառակ դեպքում կվերադառնանք ու կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է», - սպառնացել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը Ռյուտեի հետ հանդիպումն օգտագործել է հակամարտությանը դեմ արտահայտված կամ աջակցություն չտրամդրած ՆԱՏՕ անդամներից դժգոհելու համար։ Նախագահը գլխավոր քարտուղարին ասել է, որ շատ դաշնակիցներ «հիասթափեցրել են իրեն» Իրանի հարցում։

Թեև Ռյուտեն պաշտպանել է եվրոպական համագործակցությունը՝ մատնանշելով լոգիստիկ աջակցությունն ու օդային տարածքի հասանելիությունը, Թրամփը նշել է՝ նա չէր մեկնի հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե այն չհյուրընկալեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն ամսվա վերջին․ Ռուբիո«Այս պատերազմը կազմակերպված փորձ էր փոխելու տարածաշրջանային հավասարակշռությունը»․ ՂալիբաֆԱՄՆ-Իրան բանակցություններում արձանագրվել է «լավ առաջընթաց». ՄԱԿ-ում Իրանի դեսպան