«Տրագիկոմեդիա, խեղկատակություն». մարդիկ՝ թաղման նպաստը կտրելու ու թոշակը 1000 դրամով բարձրացնելու մասին

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Տարեցների միջազգային օրը աշխատանքի և բարեկեցության նախարարը սկսում է լավ լուրով. հունվարից թոշակը կբարձրանա 1000 դրամով:

«Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 հազար դրամ է, այն կդառնա 47 հազար դրամ», - հայտարարեց Արսեն Թորոսյանը:

Թոշակը Փաշինյանի կառավարությունը 1000 դրամով կավելացնի հանգուցյալների հաշվին՝ հունվարից թաղման 200 հազար դրամ նպաստը կկտրի:

«Մենք որոշել ենք այդ գումարները ուղղել մեր քաղաքացիներին, կենսաթոշակառուներին», - ասաց աշխատանքի ու բարեկեցության նախարարը:

Արսեն Թորոսյանը, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո տարբեր պաշտոններ է զբաղեցնում, իր տատիկի օրինակով է համոզվել՝ բոլորը չէ, որ այդ 200 հազար դրամ միանվագ աջակցության կարիքն ունեն: Ու որոշել են թողնել միայն այն ընտանիքների համար, որ Կառավարության չափանիշներով անապահով են:

«Երբ որ իմ տատիկը մահացել է, և ես, մեր հարազատները ստացել են 200 հազար դրամ թաղման նպաստ, կներեք, դա հասցեական չի: Որովհետև դա պետք է տրվի էն քաղաքացիներին, որոնք դրա կարիքը ունեն», - նշեց նախարարը:

Եթե մարդիկ Թորոսյանի պես միլիոնավոր դրամների աշխատավարձ ու պարգևավճար չեն ստանում, ուրեմն պետության այս միանվագ աջակցության կարիքը չունե՞ն: Շարքային քաղաքացիներին զարմացրել ու զայրացրել է Կառավարության տրամաբանությունը:

«Այսինքն՝ մենք անցել ենք արդեն հանգուցյալներին: Տրագիկոմեդիա է սա», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը:

«Դեմ եմ, որ կտրեն: Ինչի՞, մարդիկ կան՝ շատ կարիք ունեն դրա. անգամ հիմա 100 դրամը մեծ գումար է մարդկանց համար», - ընդգծեց մյուսը:

«Ես դրան չեմ հավատում ախր, հնարավոր բան չի դա: Ես, ընդհակառակը, մտածում էի, որ պետք է ավելացնեն էդ մահվան նպաստը: Դա սխալ քաղաքականություն է», - ասաց երրորդը:

«Այո, այդ 200 հազարը լուծում էր հարց: Ես կարծում եմ, որ շատ սխալ որոշում է՝ տեսակավորել ննջեցյալներին», - շեշտեց մեկ այլ քաղաքացի:

Թաղման նպաստը Կառավարությունը խնայում է, աղքատ ու միջին խավի ընտանիքներին զրկում դրանից, բայց որոշում է պաշտոնյաների աշխատավարձը կրկնապատկել, հիշեցնում են «Ազատության» զրուցակիցները.

«Եթե 2.6 (մլն դրամ) պիտի ստանա պարոն Փաշինյանը, այն օրը թվարկում էին, թե նախարարները որքան պիտի ստանան, հենց թեկուզ Ազգային ժողովում որքան են ստանում պատգամավորները, դա արդեն խեղկատակություն է, երբ որ հաշվում ես, թե նվազագույն աշխատավարձը ինչքան է Հայաստանի Հանրապետությունում»:

Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում այս պահին 46 հազար դրամ է, միջինը՝ 59 հազար: Թոշակառուն հունվարից 1000 դրամով ավելի թոշակ կստանա, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրեթե կրկնապատկված աշխատավարձ՝ 2.6 միլիոն դրամ: Թաղման նպաստը խնայող Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի նախագահն էլ 2,6 միլիոն դրամ աշխատավարձ կստանա, Արսեն Թորոսյանն ու մյուս նախարարները՝ 2 միլիոն, Ազգային ժողովի նախագահը՝ 2.5, պատգամավորները՝ 1.5 միլիոն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կառավարությունն ընդունեց 2027-ի պետբյուջեի նախագիծը. որ ոլորտում որքան են նախատեսում ծախսելՆվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա 1000 դրամով«Ինչքան բարձր լինի, այնքան մեզ կմոռանան». միլիոնանոց աշխատավարձեր՝ կոռուպցիան զսպելու համարԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կպարգևատրվեն՝ Անկախության տոնի առթիվԲարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գրեթե կկրկնապատկվեն