Տպագրական սխալ՝ անգլերենի քննության թեստերում. դիմորդները կարող են 2-րդ անգամ քննություն հանձնել

Շաբաթ օրն անգլերենի միասնական քննություն հանձնած դիմորդներն անորոշ վիճակում են հայտնվել, տպագրական սխալներ են հայտնաբերվել երկու՝ 2-րդ և 4-րդ թեստերում:

Դիմորդներից մեկի ծնողը, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատությանն» ասաց՝ սխալը նկատած իր երեխային նախ առաջարկել են անտեսել դա ու առաջ անցնել, հետո են հասկացել, որ իսկապես խնդիր կա. «Հենց քննության ընթացքում 3-րդ թեստի 16-րդ էջը եկել էր 4-րդ թեստի մեջ էր ընկել, երեխան, որ գտել է, սխալը ցույց տալուց ասել են՝ «ոչինչ, անտեսեք, անցեք»: Երեխաները չեն էլ պատկերացրել, որ հնարավոր է քննության թեստերի մեջ էդքան սխալներ լինեն, ահագին տանջվելուց, փնտրելուց հետո համարձակվել են բարձրաձայնել, որ միգուցե այստե՞ղ է սխալ, տարել են, ստուգել են, քսերոքս արած էջեր են բերել ու ասել են՝ «դրա փոխարեն սա լրացրեք»:

Սխալն ընդունած Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ֆեյսբուքյան էջում, դիմորդներն ու ծնողները երեկվանից դժգոհ գրառումներ են անում:

«Ընդամենը երկու տարբերակ է գրված, մի՞թե չէր կարելի նախապես տպագրական սխալներից խուսափելու համար կրկնակի ստուգել, նոր անցկացնել թեստը»:

«Քննասենյակները եղել են շատ ցուրտ՝ անմարդկային պայմաններով»:

Հայաստանում երկու տասնամյակ շարունակ քննությունների կազմակերպմամբ ու թեստերի մշակմամբ զբաղվող կենտրոնը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ լրացուցիչ քննություն հանձնելու հնարավորություն կտրվի այն դիմորդներին, որոնց բաժին էր ընկել այդ երկու տարբերակներից մեկը: Այս հայտարարությունը նոր դժգոհության պատճառ դարձավ:

«Թող քննություն կազմակերպեն բոլորի համար: Առաջին ու երրորդ թեստ գրողներին էլ խանգարել են, ինչի արդյունքում շատ դիմորդներ կորցրել են միավորներ: Շատերն էլ, չնայած անմարդկային ու խեղաթյուրված թեստերի, հավաքել են բարձր միավորներ: Թող քննություն տան բոլորը ու պահպանվի նաև անցած գնահատականը»:

«Ես, օրինակ, առաջին տարբերակն եմ եղել, բայց չեմ կարողացել կենտրոնանալ լսարանում տիրող խառնաշփոթի պատճառով ու կարծում եմ, որ միակը չեմ: Ես որպես դիմորդ կխնդրեի նոր քննություն նշանակել, քանի որ տուժել ենք բոլորս»:

Այսօր արդեն Գնահատման և թեստավորման կենտրոնը նոր հայտարարություն տարածեց՝ մարտի 1-ին 2-րդ անգամ քննություն հանձնելու հնարավորություն կունենան բոլորը: Եթե դիմորդը 2-րդ անգամ ցած միավոր ստանա, ապա հիմք կընդունվի բարձրը: Կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանն ասում է՝ այս որոշումն ընդունել են աղմուկը դադարեցնելու համար:

«Վրիպումն իսկապես մերն է, բայց դա տպագրական խոտան է և պարզվում է, որ դա էլ է հնարավոր, որովհետև երկու տասնամյակից ավելի է միասնական քննություններ կազմակերպող Գնահատման ու թեստավորման պրակտիկայում սա առաջին դեպքն էր: Այնուամենայնիվ որոշում գտնվել է, դա չի նշանակում, որ որոշակի ճնշման ազդեցության տակ, պարզապես մեր դիմորդներն են, մենք իրենց համար ենք քննություններ կազմակերպում ու ընդունելությունը կազմակերպում, որոշվել է այդպես: Կան շահարկումներ, չեմ ուզում ասել՝ ինչ շրջանակներից, բայց մարդիկ են, մտածում են՝ «հնարավորություն է, եկեք մի անգամ էլ փորձենք, գուցե ավելի բարձր միավոր ստանանք», - ասաց Գրիգորյանը:

Բացի տեխնիկական խոտանի պատճառով առաջացած աղմուկից ու խառնաշփոթից, բազմաթիվ դիմորդներ և նրանց ծնողները նաև բողոքում են ցուրտ քննասենյակներից:

ԳԹԿ-ի մամուլի պատասխանատուն ասաց՝ իրենց տեղեկություններով, քննասենյակներում ցուրտ չի եղել. «3 ժամ, 2,5 ժամ քննություն էր, երեխաներն էլ, բնականաբար, օբյեկտիվորեն լարված են, որովհետև քննություն են հանձնում, հնարավոր է, որ ինչ-որ տեղ ինչ-որ խնդիր լինի, բայց մենք շարքերում նաև ջեռուցիչներ ենք դնում, չհաշված, որ դահլիճները ջեռուցվում են»:

Այս ամենից բացի մեկ այլ դժգոհություն կա. «Ազատության» հետ զրույցում մեկ այլ ծնող պատմեց՝ դիմորդներից շատերը պարապել են շտեմարաններով, բայց քննաթերթիկում եղածը հիմնականում կապ չի ունեցել այդ շտեմարանի հետ:

«Չեմ ասում՝ 19-20 էինք սպասում, բայց 12-13 սպասելուց ենք եղել, բայց եղել է շատ ցածր, որովհետև պարապել են տվել շտեմարանով: Որ անցած տարվա քննությունը եղել է 80 հարց, կարծեմ, 70-ը եղել է շտեմարանին համապատասխան: Այս տարի շտեմարանից ոչ մի բան չի եղել, էրեխեքը նստել են լրիվ անծանոթ թերթիկի դիմաց, ոչ մի բանը չի համապատասխանել իրենց մեկ տարի անքուն գիշերներին, որ սովորել են, ոչ մի բան չի եղել մեջը: Մենք գումարներ ենք ծախսել այդ պարապմունքների վրա», - ներկայացրեց նա:

Թեստի հիմքը շտեմարանը չէ, թեստում քննական ծրագրում եղած նյութն է, շտեմարանի վրա պետք չէ հիմնվել, արձագանքում են ԳԹԿ-ից:

Շաբաթ օրն անգլերենի քննություն է հանձնել ավելի քան 7000 դիմորդ: Թե նրանցից քանիսին է վրիպակներով թեստը բաժին ընկել, ԳԹԿ-ում չգիտեն: