Փաստաբան Արա Ղարագյոզյանը նախորդ տարի կադրեր էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները փորձում գետնին պառկած տղամարդուն ձեռնաշղթա հագցնել՝ բռունցքով սեղմած պահելով պարանոցն ու այտը: Ինն ամսվա նախաքննությունից հետո դատախազը որոշել է քրեական հետապնդում չհարուցել կադրերում երևացող ոստիկանների նկատմամբ: Տուժող Սերգեյ Աբրահամյանն ու փաստաբանը մտավախություն ունեն, որ դատախազի այս որոշմանը կհաջորդի բուն քրեական գործի կարճումը, և ոստիկաններն անպատիժ կմնան:
Մինչդեռ Սերգեյ Աբրահամյանը միջադեպից հետո «Ազատությանը» պատմել էր՝ ոստիկանները բռնի ուժ են կիրառել իր նկատմամբ, և դա շարունակվել է նաև բաժանմունքում. - «Ոտքերս ու ձեռներս կանդալած, ոսկորներս ջարդում, լայն սկոչով բերանս կապել էին գլխիս վրա պտտելով, մի 15 հոգով քացիներով, կոշիկի տակով դեմքիս, թքել վրես... »:
Նախորդ տարի Ղարագյոզյանի կողմից կադրերի հրապարակումից հետո Ներքին գործերի նախարարությունից արձագանքել էին՝ ոստիկանները քննիչի որոշմամբ տղամարդուն պետք է հարկադիր բաժին ներկայացնեին, սակայն նա չի ենթարկվել օրինական պահանջներին, ինչի հետևանքով էլ ուժ է կիրառվել: Ոստիկանության այս պնդումը դեռ այն ժամանակ էլ չէր ընդունում Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Ղարագյոզյանը:
«Տուժողը ինձ պատմեց, որ նաև ոստիկանության բաժին այդ ձևով տանելուց հետո այնտեղ բռնություն են կիրառել, բռնության հետքերն ակնհայտ էին՝ ամբողջ դեմքի այտուցները, կապտուկները, գլխի, մեջքի վնասվածքները, և միայն ֆիզիկական ուժ գործադրելով չէր կարող նմանատիպ վնասվածքներ առաջանար», - ընդգծել էր փաստաբանը:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ որոշում է կայացվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չսկսել։ Քննության արդյունքում իրավապահները եզրակացրել են, որ ոստիկանները չեն կատարել իրենց վերագրվող արարքները, և նրանց գործողություններում հանցագործության տարրեր չեն հայտնաբերվել։
Ղարագյոզյանն ասաց՝ որոշումը նոր է ստացել, կուսումնասիրի և կբողոքարկի:
Այս դեպքից ամիսներ անց, եղբորն առնչվող գործի շրջանակում, Սերգեյ Աբրահամյանը կրկին իրավապահների տեսադաշտում է հայտնվում: Ըստ մեղադրանքի՝ Աբրահամյանը հայհոյել է քննիչին, հարձակվել նրա վրա ու անգամ հերթապահ մասի աշխատակցի ձեռքը կծել: Կինը պնդում է՝ ամուսինը կծել չէր կարող, որովհետև նախորդ անգամ, երբ նրան բերման են ենթարկել, կոտրել են ատամները:
Քրեակատարողական հիմնարկից «Ազատություն» զանգահարած Սերգեյ Աբրահամյանը հարցնում է՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ ինքն է տուժողի կարգավիճակում, քննությունն 8-9 ամիս է ձգվում, հետո դատախազը որոշում է քրեական հետապնդում չհարուցել, իր պնդմամբ՝ իրեն խոշտանգած ոստիկանների նկատմամբ: Իսկ այս մի գործով, երբ տուժողը քննիչն է, ինքը՝ մեղադրյալ, գործն արագ ընթացք ստացավ, և ինքը հայտնվեց բանտում:
«ՔԿ-ն երբ որ խոշտանգումներով քրեական գործ է հարուցել, որ ոստիկանությունում ինձ ծեծել են, իմ ցուցմունքով առկա չէր, որ Քննչական կոմիտեում էլ են ծեծել, որովհետև չէին ծեծել Քննչական կոմիտեում, քննիչը հարցում է ուղարկել Արմավիրի ՔԿ, իրենք տեսաձայնագրությունն են տրամադրել: Իսկ երբ որ իմ վրա գործ են հարուցել, որ ես իբրև Քննչական կոմիտեի դիմաց հարվածել եմ քննիչին, նույն Արմավիրի Քննչական կոմիտեում, միջնորդել եմ, որպեսզի տեսաձայնագրությունները առգրավեն և ցույց տան, Հակակոռուպցիոն կոմիտեն պատասխանել է, և նույնը՝ Արմավիրի Քննչական կոմիտեն, որ դա միայն օնլայն են նկարել, չի տեսաձայնագրվել», - պատմեց Աբրահամյանը՝ եզրակացնելով. - «Նախկինում ձեռ է տվել, որ տրամադրեն, քանի որ ինձ այնտեղ չեն ծեծել, իսկ այս դեպքում, երբ որ ի օգուտ ինձ պետք է մեկնաբանվի, որ ես որևիցե հանցանք չեմ գործել, պատասխանել են, որ չի տեսաձայնագրվել: Կամայական որոշումներ են կայացրել»:
Սերգեյ Աբրահամյանն ընդգծում է՝ նախորդ գործով իրավապահներին բանավոր ցուցումներ տված քննիչն է այս գործով տուժողը: Ըստ մեղադրանքի՝ արմավիրցի տղամարդը հարվածել է քննիչին, Աբրահամյանը սա հերքում է. - «Ես չեմ կարծում, որ քննիչը, եթե ես իրեն հարվածել եմ, դրա վերաբերյալ անմիջապես չնշեր: Ի՞նչն է եղել պատճառը, որ երկրորդ անգամ վերհիշի՝ իրեն հարվածել եմ ձեռքով, և ուստի ցավ է զգացել: Բջջային հեռախոսները երբ որ առգրավել են, կինս ասել է՝ «տեսախցիկի դիմաց հիմա բացեք արձանագրեք էդ տեսաձայնագրությունները, որ ամուսինս որևիցե իրավախախտում թույլ չի տվել», հրաժարվել են՝ պատճառաբանելով՝ դատարանից պետք է թույլտվություն վերցնեն: Հետո ապօրինի կերպով հանել են տեսաձայնագրությունները, ջնջել, դրանից հետո դատարանի արգելքի դեպքում նույնիսկ կնոջս կանչել են բջջային հեռախոսները բացեն, ու քննիչը ասել է՝ «եթե հիմա չեք ասում կոդը՝ բացեմ, ուղարկում եմ՝ կոդը ջարդեն», կինս էլ ստիպված ասել է»:
Հույս ունի, որ դատարանը կապացուցի իր անմեղությունը, բայց մտահոգված է՝ գուցե դա տարիներ տևի:
Աբրահամյանի ընտանիքը պնդում է՝ գործը շինծու է և կապ ունի նախորդ գործով բռնությունների հրապարակման հետ։
«Պատճառը նա է եղել, որ ես բողոքս հետ վերցնեմ ՔԿ-ից՝ խոշտանգման գործով, դա է եղել պատճառը, որ ինձ տարել են մինչև գիշերվա 2-ը վարչությունում պահել», - ասաց արմավիրցի տղամարդը:
Իրավապաշտպանները պարբերաբար հայտարարում են՝ վերջին տարիներին խոշտանգման հոդվածներով անցնող մի շարք ոստիկաններ ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև պաշտոնի առաջխաղացում են ունեցել։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովն ամփոփել է նախորդ տարին՝ հայտարարելով՝ 43 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, նրանցից 30-ն աշխատանքից ազատվել է: Բայց մանրամասներ չեն հաղորդվում, թե հիմնականում ինչ արարքների համար են նրանք կարգապահական տույժի ենթարկվել ու աշխատանքից ազատվել: