Թուրքիայում արգելափակվել է France-Presse-ի թղթակցի X-ի հաշիվը

Թուրքիայի պաշտոնյաներն արգելափակել են France Presse-ի թղթակցի X-ի հաշիվը։

«Ես որևէ պատկերացում չունեմ, թե ինչ պատճառներով է տեղի ունեցել այս արգելափակումը», - ասել է Մահմութ Բոզարսլանը, որ Դիարբեքիրում՝ քրդաբնակ տարածաշրջանի գլխավոր քաղաքում է։ Նրա վերջին նյութերը վերաբերում էին մարտի 21-ին նշվող Նովրուզի՝ Նոր տարվա տոնակատարություններին։

«Լրագրող Մահմութ Բոզարսլանի (@mahmutbozarslan) հաշիվն արգելափակվել է՝ երկրի ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման հիմքով», - հայտարարել է EngelliWeb հարթակը, որը հետևում է կայքերի և սոցիալական մեդիայի գործունեությանը։

Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է այս քայլը՝ այն համարելով գրաքննություն։

Անկարան 2024 թվականի հոկտեմբերից բանակցություններ է վարում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ խաղաղության գործընթացի շուրջ։

PKK-ի բանտարկված հիմնադիր Աբդուլա Օջալանը 2025 թվականին կոչ էր արել խմբավորմանը վայր դնել զենքերը՝ վերջ դնելով չորս տասնամյակ տևած բռնություններին, որոնք խլել են շուրջ 50 հազար կյանք։

2025 թվականի մարտին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը հաջորդած բողոքի ցույցերի գիշերը X հարթակը հայտնել էր ավելի քան 700 հաշիվ արգելափակելու պահանջների մասին։ Դրանք ներառում էին լրագրողների, քաղաքական գործիչների և ուսանողների հաշիվներ։ Հարթակը կատարել էր թուրքական իշխանությունների պահանջը՝ այդ հաշիվները դարձնելով անհասանելի երկրի ներսում։