Թուրքիայի ու Իսրայելի առաջնորդները կրկին ցեղասպանության մեղադրանքներ են փոխանակել

Թուրքիայի նախագահը մեղադրել է Իսրայելի վարչապետին «Հիտլերի ճանապարհով գնալու» մեջ։ Մինչ այդ էլ Բենյամին Նեթանյահուն էր հայտարարել, թե Էրդողանը «հակասեմիտ բռնապետ» է, որը «ցեղասպանություն» է իրականացրել քրդերի դեմ։

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2023 թվականի հոկտեմբերից՝ Գազայի պատերազմից ի վեր, և երկու կողմերը պարբերաբար միմյանց հասցեին ցեղասպանության մեղադրանքներ ու հրապարակային վիրավորանքներ են հնչեցնում։

Վերջին հեռակա բանավեճը բռնկվեց երեկ, երբ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելի գործողությունները Լիբանանում և Սիրիայում սպառնալիք են Թուրքիայի անվտանգության համար։

Նեթանյահուն հակադարձեց, հայտարարելով, թե «Հակասեմիտ բռնապետ Էրդողանը, որը ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, աջակցում է «Համաս» ահաբեկչական կազմակերպությանը, ճնշում է իր սեփական ժողովրդին և բանտարկում քաղաքական մրցակիցներին, վերջին մարդն է, ով կարող է բարոյականության դասեր տալ Իսրայելին»։

Նեթանյահուն պնդել է, թե Իսրայելը կշարունակի «ուժային գործողություններ ձեռնարկել Իրանի և նրա դաշնակիցների դեմ, որոնք սպառնում են Մերձավոր Արևելքին և ամբողջ աշխարհին»։