Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրաինայի պատերազմը տարածվի դեպի Սև ծով. Ֆիդան

Արխիվ

Անկարան չի ցանկանում, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը տարածվի դեպի Սև ծով, Կիևում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ Թուրքիան շարունակում է աջակցել միջնորդական ջանքերին։

Ուկրաինան և Ռուսաստանն այսօր հրթիռներով ու անօդաչուներով կրկին հարվածել են Սև և Ազովի ծովերում գտնվող նավերին։

Ուկրաինական հարձակումները ստիպել են Ռուսաստանին՝ աշխարհում ցորենի թիվ մեկ արտահանողին, սահմանափակել նավարկությունն Ազովի ծովում, որով մինչ օրս անցնում էր հացահատիկի արտահանման մոտ մեկ քառորդը, հաղորդում է Reuters-ը։ Օր-օրի սրվող իրավիճակի հետևանքով ցորենի գինը համաշխարհային շուկայում կրկին աճել է։

«21-րդ դարում որևէ բացատրություն չկա, թե ինչու Եվրոպայում պատերազմը պետք է շարունակվի հինգ տարի։ Խաղաղությունն այսօր առավել քան անհրաժեշտ է»,- ասել է Հաքան Ֆիդանը ուկրաինացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։

Պատերազմի ընթացքում Թուրքիան մի քանի փուլով հյուրընկալել է ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնց հիմնական արդյունքը, սակայն, մինչ օրս եղել են ռազմագերիների փոխանակումները։

Անցյալ ամիս Ռուսաստանում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Ֆիդանը նշել էր, որ Թուրքիան պատրաստ է կրկին հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցությունները։

Այսօր Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ նախագահ Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը Պուտինին առաջարկել է օգնել Ուկրաինայի հետ համաձայնության գալ