Ռուսաստանի Տուլայի շրջանային կառավարությունը որբերին, որդեգրող ծնողներին և խնամակալներին աջակցելու համար նախատեսված ավելի քան 54 միլիոն ռուբլի շրջանային բյուջեից ուղղել է զինվորականներին և Ռուսաստանի ազգային գվարդիային վճարումներ կատարելուն։ Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ածռայությունը, այս մասին է վկայում շրջանային կառավարության սեպտեմբերի 18-ի որոշումը:
Գումարի ամենամեծ մասը՝ 54,223,200 ռուբլին, վերցվել է խնամատար ընտանիքներին աջակցելու, որբերին տրամադրվող բնակարանների վերանորոգման, որբերին աջակցելու և որբ ուսանողներին վճարումներ կատարելու համար նախատեսված բյուջետային հոդվածների միջոցով։
Գումարի մյուս մասը վերցվել է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ցածր եկամուտ ունեցող միայնակ քաղաքացիներին, թոշակառուներին և աշխատանքային վետերաններին վճարումներ կատարելու հոդվածներով:
Որոշման մեջ նշվում է, որ ամբողջ գումարը կօգտագործվի «որոշակի կատեգորիայի զինծառայողների և Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայում ծառայող անձանց, քաղաքացիների որոշակի կատեգորիաների և նրանց ընտանիքների անդամներին» միանվագ վճարումների համար։ Փաստաթղթում չի նշվում, թե զինծառայողների և Ազգային գվարդիայի անդամների կոնկրետ որ կատեգորիաները կստանան այդ միջոցները։
Ինչպես հաղորդում է The Insider-ը, Տուլայի մարզում վճարումներ են կատարվում «հատուկ ռազմական գործողության» (այդպես են Ռուսաստանի իշխանություններն անվանում են Ուկրաինայում պատերազմը) մասնակիցներին: Ներկայումս վճարումները կազմում են 750,000 ռուբլի ծանր վիրավորների կամ առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների համար, իսկ զոհվածների ընտանիքներին վճարումները կազմում են 1,250,000 ռուբլի: