Տնային կալանքը Ռուբեն Հակոբյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար է. փաստաբան

Ռուբեն Հակոբյանը, արխիվ

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբանը: Արմեն Ֆերոյանն այս որոշումը որակեց ապօրինի, ասաց՝ այն կայացվել է փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Իսկ ինչո՞ւ պետք է իրավապահներն այդպիսի նպատակ ունենային:

«Պարոն Հակոբյանը զբաղվում էր բավականին հայտնի քրեական գործերով, որոնք որոշակիորեն զգայուն քաղաքական տարրեր են իրենց մեջ պարունակում, և կարծում եմ՝ հենց դրանով է պայմանավորված, որ պարոն Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու խնդիր են իրենց առջև դրել», - ասաց Ֆերոյանը:

Վկայի վրա ներգործություն ունենալու մեղադրանքով ձերբակալված Ռուբեն Հակոբյանը հանրային հնչեղություն ունեցող մի քանի գործերով ներգրավված է որպես փաստաբան: Նա ներկայացնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, եկեղեցուն պաշտպանելուց հետո ճաղերի հետևում հայտնված գործարար Սամվել Կարապետյանի շահերը:

Արմեն Ֆերոյանը կարծում է՝ փաստաբանին հետապնդելու իրավապահների որոշումը կապ ունի հենց այս գործերի հետ. «Դա արդեն իմ սուբյեկտիվ ենթադրությունն է, այլ բան չեմ կարողանում պատկերացնել»:

Փաստաբան Հակոբյանի ձերբակալությանը հետևած արձագանքներն ու քննադատությունները երեկ պատճառ դարձան, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանումներ ներկայացնի: Իրավապահ կառույցից պնդեցին՝ ունեն բավարար ապացույցներ, որ Ռուբեն Հակոբյանը մեկ այլ քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան և փորձել է սպանությանն ականատես վկային հարկադրել փոխել ցուցմունքը: Կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, դրանում մի տղամարդ մեկ ուրիշին համոզում է դատարանում նախնական ցուցմունքը խմբագրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին

Փաստաբան Արմեն Ֆերոյանի պնդմամբ՝ ձայնագրության մեջ Ռուբեն Հակոբյանի ձայնը չէ. «Քննչականը դա հիմնավորելու համար նվազագույնը պետք է փորձաքննություն աներ, ոնց որ միշտ սովորաբար անում են ուրիշ գործերով: Այսինքն, մի հատ փորձաքննություն պետք է աներ ձայնի նույնականացման համար, պարզեր էդ զապիսն իսկական զապիս է, թե արհեստական բանականությամբ ստեղծված ձայնագրություն է և դա մոնտաժված է, թե մոնտաժված չէ: Առանց այդ մինիմալ տվյալներն ունենալու, չէր կարելի գնալ այսպիսի կտրուկ գործողությունների: Էլ չեմ ասում, որ պիտի դրան առնչված անձանց հարցաքննեին»:

Ֆերոյանը նաև հայտնեց՝ սպանության գործը վաղուց քննվել է, մեղադրյալը, որին պաշտպանում էր Ռուբեն Հակոբյանը՝ դատապարտվել, դատական ակտն էլ մտել է օրինական ուժի մեջ: Ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը հենց այդ սպանության գործի քննության փուլում է դատարանը ճանաչել ապօրինի:

«Ընդ որում՝ մենք ունենք վճռաբեկ դատարանի շատ կայուն նախադեպային դիրքորոշումներ, որ անձանց գաղտնի ձայնագրությունները՝ իրար միջև կատարված որևէ ապացուցողական նշանակություն չեն կարող ունենալ: Անձին ձայնագրելուց պիտի իրեն զգուշացնես, եթե օպերատիվ մարմին չես, գաղտնի քննչական կամ օպերատիվ գործողություն չես իրականացնում, մասնավոր անձինք են իրար ձայնագրում, պետք է այդ անձին զգուշացնես: Եթե չես զգուշացրել, ձայնագրել ես, այդ ձայնագրությունը որևէ իրավական ուժ չի կարող ունենալ: Հենց այդ հիմնավորմամբ նախկին սպանության գործով արդեն դատական ակտ կայացրած դատավորներն անդրադարձել են ու այդ ապացույցն անթույլատրելի են համարել ու չեն օգտագործել ընդհանրապես»:

Հակակոռուպցիոն կոմիտեից մինչդեռ երեկ պնդել են, թե սպանության գործով դատական նիստում վկան փոխել է ցուցմունքը, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն: