Թքելուց մինչև հայհոյանք. իրավապահները քննում են միայն Ալեն Սիմոնյանին հայհոյած քաղաքացու արարքը

Արտապատկերում միջադեպի տեսանյութից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպից մեկ օր անց Քննչական կոմիտեն խուլիգանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, մեղադրանք է առաջադրել միայն խուլիգանական արարքի ենթադրյալ հեղինակ Միքայել Մարգարյանին:

Մինչդեռ երեկ մեծ աղմուկ հանած տեսանյութում Ալեն Սիմոնյանը ևս հայհոյեց՝ պատասխանելով Մարգարյանի հայհոյանքին:

Ոստիկանությունից Քննչական ուղարկած հաղորդման համաձայն՝ Մարգարյանը երեկ խուլիգանություն է արել, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել:

«Ալեն Սիմոնյանը խիստ արձագանքեց, անցավ միանգամից «դու»-ի, հետևեց՝ «տարեք սրան», որից հետո, իհարկե, ասացի՝ «վախենում ես», ինքն ասաց՝ «հա, գիշերները չեմ քնում», ասացի՝ «այո, դու պիտի գիշերները չքնես», - այսօր պատմեց Մարգարյանը, որը միացել է անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք մի քանի օր է՝ խորհրդարանի դիմաց պահանջում են հրապարակել Ազգային ժողովի գաղտնի բաժին ուղարկված զեկույցը 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին:

Պատմեց, որ իշխանական տարբեր պատգամավորներ են իրենց մոտեցել: Երեկ էլ, երբ նկատել է ԱԺ նախագահին, որոշել է մոտենալ, հարց տալ զեկույցի թեմայով, բայց մերժում է ստացել: Հարցին՝ իսկ ինչո՞ւ հայհոյեց, պատասխանեց. «Դե խոսակցականի մեջ, ինչ թաքցնեմ, այդ կարգի հասկանում եք, որ նրա կողմից սադրիչ գործողություններ՝ «տարեք սրան»-ը արդեն, թիկնապահներն ինձ հրում էին, այդ պարագայում իմ խոսքի մեջ հնչել է՝ «բանտերում ես քնելու, արա»: Այդ «արա»-ին Ալենն արձագանքում է՝ «արան պապադ ա», ինչին համապատասխան իր բարոյական դռները բացվեցին: Կարող էի ավելի շատ ասել, ասացի այն, ինչ ասացի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայհոյանքներով միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. երկու անձ բերման է ենթարկվել

Մարգարյանն այսօր «Ազատությանը» պատմեց, որ ցերեկն իր բնակարան են փորձել մտնել ոստիկանները, թե ինչի համար, չեն պարզաբանել: Նա թույլ չի տվել, նրանք էլ հասցե են հարցրել ու հեռացել: Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ ընտրություններին ընդառաջ հաշվառումներ են անում, նաև այցելում տներ: Մարգարյանի տուն այցը դրա շրջանակում է, ոչ թե՝ երեկվա միջադեպի:

«Իրենք առանց ներկայանալու մտան բակ և կարծես թե, փորձում էին մտնել տուն։ Մեկը ներկայացավ, մյուսն էլ հեռվից ժետոն ցույց տվեց, հետո ես միացրեցի տեսաձայնագրությունը, խնդրեցի նորից ներկայանալ, չներկայացան, խնդրեցին ինձ ներկայանալ, ասացի՝ ինչի՞ հիման վրա, բա սա ո՞ր հասցեն է, ասում եմ՝ ինչի՞ համար եք հարցնում, բա՝ հասցեն ենք ուզում իմանալ», - շարունակեց Մարգարյանը:

Ազգային ժողովի նախագահն, իր հերթին, երեկվանից ոչ թե արդարանում է, այլ պնդում՝ իր նկատմամբ կազմակերպված սադրանք է եղել. «Հերիք է, հերիք է մեզ դեմ տաք այդ՝ «դուք պաշտոնյա եք, Դուք Ազգային ժողովի նախագահ եք»: Հերիք է դա դեմ տաք և համարեք, որ կարելի է Ալենին, մյուսին, մյուսին ամեն ինչ բան անել, չի լինելու»:

Սիմոնյանը պնդեց՝ գիտի, թե ով է ուղղորդել Մարգարյանին, բայց չմանրամասնեց. «Այսինքն՝ գալ, որդեկորույս, անհայտ կորածների ծնողների, բարեկամների մեջ խառնվել և քաղաքական նպատակներ հետապնդել, գալ, հեռախոսը միացնել և ուղիղ եթերով Հայաստանի ԱԺ նախագահին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, ո՞նց է ստացվում՝ ես քաղաքացի չե՞մ»:

Սիմոնյանի կարծիքով՝ միջադեպին կարող են գնահատական տալ իրավապահները, քաղաքացիները և իր հարազատ կուսակցությունը: Իսկ կուսակիցներն այսօր միաձայն էին՝ Սիմոնյանի վարքագիծը կուսակցության ներսում քննելու անհրաժեշտություն չեն տեսնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեկվա միջադեպին գնահատական կարող են տալ իրավապահները, քաղաքացիները և կուսակցությունը. Ալեն Սիմոնյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ տեղի ունեցածը սադրանք էր: Հարությունյանը, միաժամանակ, կարծում է, որ թե՛ իրենք, թե՛ մյուս քաղաքական գործիչները նման իրավիճակում պետք է զսպվածություն ունենան. «Մարդը մնում է մարդ, էմոցիաները՝ էմոցիաներ, մենք միասին պետք է նոր ֆորմացիայի հարաբերություններին ընտելանանք, և մենք առաջին քայլն արել ենք իրականում այդ ուղղությամբ»:

Առաջին քայլն իշխող թիմի կողմից էթիկայի կանոնագրքի ընդունումն էր՝ հիշեցրել է ՔՊ-ական գործիչը: Իսկ արդյո՞ք կիրառում են այդ կանոնագիրքը, Հարությունյանն ասել է. «Շատ լավ օգտագործում ենք: Եվ եթե դուք համեմատեք մեր քաղաքական գործիչների զսպվածությունը, կոռեկտությունը, հայտարարությունների չափված-ձևվածությունը մինչև կանոնակարգի ընդունումը, ապա սարերի և ձորերի տարբերություն կարձանագրեք»:

Կանոնագրքի ընդունումից հետո է խորհրդարանի նախագահը հայհոյել քաղաքացուն: Իսկ դրանից առաջ էլ՝ 2023-ին, թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու երեսին: Այդ ժամանակ իրավապահները ընթացք չէին տվել թքելու դրվագին՝ Սիմոնյանին պատասխանատվության չենթարկելով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեղադրանք Ալեն Սիմոնյանի վիրավորանքին հակադարձելու համար

Իրավապաշպան Զարուհի Հովհաննիսյանը չի բացառում՝ այս անգամ էլ գուցե խտրական արդարադատության լինի, նույնիսկ պատասխանատվության կենթարկվի երեկվա միջադեպի մի կողմը միայն:

«Ընդհանրապես մենք արդեն իսկ տեսել ենք նախորդիվ, որ տարբեր տիպի, նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելը, թքելը, ձեռքով-ոտքով հարվածելը, հաշվելը որևէ իրավական հետևանք չի ունեցել պաշտոնատար անձանց համար, հատկապես Ազգային ժողովի նախագահի համար, և կարծում եմ, որ սա ևս այդպիսի դեպք կլինի», - ասաց նա:

Իրավապաշտպանը վկայակոչում է օրենքն ու պնդում՝ հանրային պաշտոն զբաղեցնողները պետք է զուսպ լինեն անգամ ամենածանր սադրանքների դեպքում: Օրենքը նաև պատասխանատվություն է նախատեսում, նկատում է Հովհաննիսյանն ու ընդգծում՝ պաշտոնյան իր պատշաճ վարքով պետք է օրինակ ծառայի: Մինչդեռ վերջին շրջանում, ըստ նրա, իշխող ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով ցուցաբերում են պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ: