Թիմ Կուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից. նրան կփոխարինի Ջոն Թերնուսը

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկ, արխիվ

Թիմ Կուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից և կդառնա տնօրենների խորհրդի նախագահը, ասված է տեխնոլոգիական կորպորացիայի հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ Կուկը կշարունակի համակարգել ընկերության կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Այս տարվա սեպտեմբերից Apple-ի նոր գլխավոր տնօրեն կդառնա Ջոն Թերնուսը:

Թերնուսը 50 տարեկան է, Apple-ում աշխատում է 2001 թվականից և այժմ ընկերության փոխնախագահն է: Հենց նրա անվան հետ են ընկերությունում կապում վերջին տարիներին Mac համակարգիչների վաճառքի վերածնունդը, նշում է Reuters-ը:

Թիմ Կուկը 65 տարեկան է, ընկերությունում աշխատում է 1998 թվականից, Apple-ը ղեկավարում է Սթիվ Ջոբսի մահից հետո՝ 2011-ից: Նա է գործարկել Apple Watch-ը, AirPod-ը и Apple Vision Pro-ն, ինչպես նաև iCloud, Apple Pay, Apple TV և Apple Music ծառայությունները:

Կուկի ղեկավարման օրոք ընկերության բաժնետոմսերը թանկացել են 20 անգամ, նշում է Bloomberg-ը: Ընկերության կապիտալիզացիան 350 միլիարդ դոլարից հասել է 4 տրիլիոնի, եկամուտը 2011-ի 108 միլիարդից հասել է 416 միլիարդի անցած ֆինանսական տարում: