Իշխանությունը պատրաստվում է խստացնել տեսալսողական մեդիայի կարգավորումները. փորձագետները վտանգներ են տեսնում

Հայաստանյան հեռուստաընկերությունների միկրոֆոններ, արխիվ

Կառավարությունը երեկ հավանություն տվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում մի շարք խստացումներ նախատեսող փոփոխություններին: Ընտրություններից առաջ մշակված այդ նախագիծն ընդգրկված էր Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում:

«Փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը։ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն», - հայտարարեց նախարար Մխիթար Հայրապետյանը:

Մինչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Ֆեյսբուքյան գրառմամբ կարծիք էր հայտնել, թե նախագիծը երկիմաստ մեկնաբանություններն է եկել կանխելու, մեդիափորձագետները վտանգներն են ծանրութեթև անում:

«Չեմ հասկանում այն հրճվանքը, որով որ սա ներկայացվում է, չեմ հասկանում, թե ինչու է այսպես փակ ռեժիմով ամեն ինչ տեղի ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանը բարի ցանկություններ տեսնում է, բայց և կարծում է՝ մտահոգիչ ձևակերպումներ կան, որոնք իշխանությանը ազատ մեկնաբանության տեղ կարող են թողնել:

«Այդ սահմանադրական կարգի տապալման կոչերը, չգիտեմ, էնտեղ, ռասայական, կրոնական խտրականություն քարոզել, և այլն, էդ ամենը մեզանում արդեն արգելված է՝ Քրեական օրենսգրքով է արգելված, և բավականին, էսպես, հստակ է այդ ամենը գրված: Կարծում եմ, որ սա նախընտրական շրջանի համար լրացուցիչ կարգավորումներ է նախատեսում՝ խստացնելու այդ իրավիճակը, իսկ ցանկացած խստացում՝ էս տիպի խստացում, իր մեջ ռիսկեր է պարունակում խոսքի ազատության տեսանկյունից, կարծիքների ազատ արտահայտման տեսանկյունից», - ընդգծեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Նախագծում մանրամասն գրված է՝ ինչն է արգելվում տարածել տեսալսողական հաղորդումներով՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու տեղեկատվությունը, բռնության և դաժանության քարոզը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքող բովանդակությունը: Գործող օրենքում դրանք հատ-հատ թվարկված չեն, միայն գրված է, որ չի թույլատրվում օրենքով արգելված արարքների կոչեր տարածելը:

Ընդլայնվել են հեռարձակմանը հետևող կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները: Հենց այս պետական մարմինը պետք է որոշի, օրինակ՝ ինչ է բռնության և դաժանություն քարոզ, ինչը՝ ոչ: Իսկ եթե Քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ նկատի, պետք է դիմի իրավապահներին:

Առցանց տիրույթին այս փոփոխությունները չեն վերաբերում, Աշոտ Մելիքյանը չի հասկանում՝ ինչո՞ւ են կենտրոնացել հեռարձակման դաշտի վրա:

«Լրացուցիչ լիազորություններ են տրվում, այդ թվում նաև այդ լիազորությունը որոշ առումով հիշեցնում է կացնային մոտեցումներին», - նշեց Մելիքյանը:

«Տեսնում ենք, որ դատարանում ինչպիսի բարդ վիճակներ է, օրինակ՝ նույն Սամվել Կարապետյանի հետ կապված, հա՞, ասենք՝ «Մեր ձևով»-ը ի՞նչ նշանակում՝ հոգեբաններով, լեզվաբաններով չեն կարողանում հասկանալ մինչև վերջ, իսկ էստեղ կարող է հանձնաժողովը, որը շատ ավելի, պարզ է, որ Կառավարությանը ենթակա մարմին է, հեշտությամբ կարող է որոշել, որ «վերջ, փակում ենք, ու ...», - իր հերթին, ընդգծեց Երևանի Մամուլի ակումբի նախագահ, մեդիափորձագետ Արթուր Պապյանը:

Արգելված բովանդակության տարածումը ոչ միայն տուգանքով, այլև՝ ընդհուպ ծրագրի դադարեցմամբ կարող է ավարտվել: Ու սա ոչ միայն տեղական, այլևս օտարերկրյա տեսալսողական ծրագրերին է վերաբերում: Նախագծով առաջարկվում է արգելել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը:

Պապյանը կարծում է՝ փոփոխությունը արտաքին միջամտությունից լրատվական դաշտը պաշտպանելու անվան տակ է ընդունվում, գուցե դա այդպես է, ասում է, բայց գուցե հետին նպատակներ կան. - «Եթե խորանանք, դուրս է գալիս, որ, օրինակ, Euronews-ը կամ CNN-ը հանկարծ Հայաստանի իշխանություններին ոչ հաճո կոնտենտ տարածեն, կարող է հանձնաժողովը որոշել, որ արգելափակվում է և նույնիսկ արխիվից հանվում է, ինչը շատ խնդրահարույց է ժողովրդավարության տեսանկյունից»:

«Այո, հասկանալի է, որ, կամ ենթադրվում է, կամ հավանաբար այդպես է ներկայացվում, որ սա ռուսաստանյան ալիքների դեմ է արվում, կամ նույն ադրբեջանական, բայց եկեք հասկանանք. իրականում Հայաստանում հեռարձակվում են ռուսաստանյան հեռուստաալիքներ, դա չի կարգավորվում այս օրենքով, որովհետև այդ ալիքները հեռարձակվում են միջպետական պայմանավորվածությունների դաշտում, և եթե իշխանությունները ուզեին, դրանք կարող էին դադարեցնել, ինչին մենք նաև կոչ էինք արել, ցանկացած պահի», - շեշտեց ԵՄԱ նախագահը:

Աշոտ Մելիքյանը չի բացառում, որ իշխանության նպատակը նաև Ռուսաստանից եկող հիբրիդային վտանգները չեզոքացնելն է. - «Ես կարծում եմ, որ սրանով իրավական դաշտ է ստեղծվում, որպեսզի նմանատիպ հաղորդումները, մասնավորապես՝ Սոլովյովի հաղորդումների նման, «60 րոպե», մնացածները, չեմ ուզում բոլորը թվարկել, որպեսզի հնարավորություն լինի պետական կառույցների համար՝ ի ցույց դնելու այդ հեռուստաընկերություններին և նրանց մեջքին կանգնած պետությանը, որ «դուք խախտել եք այ էս միջպետական պայմանագիրը և մեր օրենսդրությունը նաև»: Որովհետև ակնհայտ է ապատեղեկատվությունը, պիտակավորումը, այդ թվում նաև՝ ժողովրդի հասցեին»:

Վերջին խոսքն Ազգային ժողովինն է, որտեղ փոփոխության հեղինակ իշխանության ներկայացուցիչներն են մեծամասնություն կազմում: Խորհրդարանի խոսնակն այսօր արդեն ողջունել է առաջարկները, հայտարարել՝ այն խոսքի ազատության դեմ չէ:

«Ազատության» հարցին՝ այս նախագիծն արդյոք հիբրիդային պատերազմին դիմակայելու շրջանակո՞ւմ է, համաձայնել է, թե ինչ-որ մասով՝ այո, բայց, ըստ Ալեն Սիմոնյանի, սա Հայաստանի անվտանգությանը վերաբերող օրենք է, հասցեատերը բոլոր լրատվամիջոցներն են: Հիբրիդային պատերազմի մասին խոսելիս իշխանականները հաճախ ռուսական ալիքներն են հիշատակում:

«Ես նկատի ունեմ արտաքին ուժերը, ես նկատի չունեմ Ռուսաստանը, ես նկատի չունեմ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ասում եմ՝ բոլորը, բոլորը, ում գիտեք, Հայաստանի քարտեզը վերցրեք, նայեք աջ, ձախ, հարյուր երկիր էն կողմ, տաս երկիր էն կողմ, ասում եմ՝ բոլորը, դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վերաբերելի օրենք է», - պնդում էր ԱԺ նախագահը:

Մեդիափորձագետները դժգոհ են, մշակման փուլում իրենց չեն ներգրավել, Երևանի Մամուլի ակումբը e-draft-ում է նախագիծը հրապարակված տեսել, որոշ առաջարկներ է արել: Բացի այդ, կարևորում են միջազգային փորձաքննությունը;

«Ես կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ անպայման Վենետիկի հանձնաժողովի կամ Եվրոպայի խորհրդի այլ փորձագիտական շրջանակների եզրակացությունը շատ կարևոր է», - ասաց Աշոտ Մելիքյանը: