Թեհրանն ու Բաքուն քննարկում են ռազմավարական գործընկերությունը

Իրանի և Ադրբեջանի դրոշները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին Թեհրանում ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին, կողմերը քննարկել են տնտեսական ոլորտում հարաբերությունների ամրապնդման հարցեր, հայտնում է IRNA գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ, Իրանի նախագահն ընդգծել է Ադրբեջանի հետ համագործակցության և փոխադարձ կապերի ընդլայնման կարևորությունը։

Մուստաֆաևն իր հերթին նշել է «այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին Իրանի նոր նախագահի պաշտոնավարման օրոք»։

Ադրբեջանի փոխվարչապետը նաև կարևորել է Իրանի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում և հաշվետվություն ներկայացրել տրանսպորտի, էներգիայի փոխանակման ոլորտում երկկողմ հարաբերությունների վիճակի մասին։

Մուստաֆաևը Թեհրանում է՝ մասնակցելու Ադրբեջան-Իրան միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ դեսպան