Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահը ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: Շտայնմայեր համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:
Հայաստանի վարչապետը նշել է, որ Հայաստանը ևս շահագրգռված է Գերմանիայի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացմամբ:
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր կարևորել են Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի անցկացումը և նշել, որ այն կարևոր հարթակ է Եվրոպայի հետ քաղաքական երկխոսության համար։
Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաների: