Տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ինչ են քննարկել երկու երկրների առաջնորդները

Հանդիպման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմնը նույնաբովանդակ հաղորդագրություն են տարածել։

ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։

Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը»,- ասված է Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև, որ «ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ»։

ՀՀ կառավարությունը հանդիպումից կարճ տեսանյութ էր հրապարակել։ Կադրերում երևում է, որ հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, Հայաստանի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն այսօր ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու մայրաքաղաք Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետը հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ։ Հայտնի է, որ սպասվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում։ Սա հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կլինի։