Ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է, բայց Բաքուն ակտիվացրել է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեման. զեկույց

Հայաստանի ու Ադրբեջանի դրոշները, արխիվ

Արտաքին հետախուզության ծառայությունն իր տարեկան զեկույցում պնդում է, որ «Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական»։

Միաժամանակ, վարչապետին ենթակա մարմինն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր և բացասաբար են ազդում խաղաղության կառուցման վրա:

Ծառայության տվյալները վկայում են, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է քարոզչությունն այս ուղղությամբ, ինչն, ըստ զեկույցի, զգալի ռիսկեր է ստեղծում երկարաժամկետ խաղաղության համար։ Իբրև ապացույց Արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնք նախորդ տարվա սկզբի համեմատ, անցած տարվա օգոստոսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել են 36 տոկոսով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը կրկին խոսում է Հայաստան «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի մասին

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Արտաքին հետախուզության ծառայությունը նշում է՝ իր առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը.

«Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է»։

«Կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում», - ասաց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Սարգիս Խանդանյանը, արխիվ

Խանդանյանն այսօր արձագանքելով Արտաքին հետախուզության ծառայության մտահոգություններին՝ նշեց, որ Ադրբեջանին անդադար փոխանցում են, որ «արևմտյան ադրբեջանցիների» խոսույթը չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացներին: Ընդ որում՝ ի տարբերություն Արտաքին հետախուզական ծառայության, իշխանական պատգամավորը որոշակի փոփոխություն այս ուղղությամբ արձանագրում է:

«Պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց, այնուհանդերձ, մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը՝ խաղաղության խոսույթը», - ընդգծեց նա:

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունն այս փուլում չի քննարկում ադրբեջանցիների վերադարձի հարցը: «Չէ, այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունը չի քննարկի, ընդհանրապես, հատկապես այնպիսի շեշտադրումներով, ինչպես խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի սա մի թեմա է, որը չարժի արծարծել: Մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, և պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա», - ասաց Խանդանյանը:

Բաքուն ավելացնում է ռազմական ծախսերը

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթի աճին զուգահեռ, Բաքուն շարունակաբար մեծացնում է նաև ռազմական ծախսերը: Արտաքին հետախուզության ծառայությունը, սա ևս ռիսկային համարելով, արձանագրում է, որ Ադրբեջանի ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտների հատկացումներին: 2023-ի համեմատ՝ Ադրբեջանում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44 տոկոսով, մինչդեռ մյուս ոլորտներինը՝ ընդամենը 7.4 տոկոսով։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններն ու գործընթացները, ենթադրում եմ, այդ վտանգներն ու ռիսկերը որոշ առումով կամ շատ մեծ առումով կմեղմեն, հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, սկսել են որոշակի առևտրաշրջանառություն, և այլն: Այս առումով, ինձ թվում է, որ 2026 թվականի զեկույցը արդեն որոշ առումով այլ տեսք կունենա», - նշեց Խանդանյանը:

Արտաքին հետախուզության ծառայությունը 2026-ի տարեկան զեկույցում նաև անդրադառնում է հայ - ադրբեջանական սահմանազատմանը՝ կանխատեսելով նոր առաջընթաց այս գործընթացում, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում։ Բաքվի բանտերում պահվող 19 հայ գերիների մասին, սակայն, զեկույցում որևէ հիշատակում չկա:

«Գործակալական ցանցի ակտիվացում» և «TRIPP նախագծի թիրախավորում»

Փոխարենը, ծառայությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված կանխատեսում է, որ հիբրիդային սպառնալիքները Հայաստանի դեմ այս տարի ավելի ընդգրկուն ու մասշտաբային կդառնան, մասնավորապես՝ կեղծ կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ, ինչպես նաև «գետնի վրա գործակալական ցանցի ակտիվացմամբ»:

Արտաքին հետախուզական ծառայության պնդմամբ՝ Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ:

Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած կառույցը 2026-ի իր զեկույցում ընդգծում է, որ այս տարվա ընթացքում զգալիորեն կակտիվանան հիբրիդային գործողությունները՝ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբՓաշինյան. ԱԱԾ-ն պետք է գնալով ավելի ու ավելի շատ լինի ինտելեկտուալ, վերլուծական մարմինՓաշինյանը թեժացնում է եկեղեցական օրակարգը. Մայր Աթոռից դատապարտում ենԿարգավորում, թե անցանկալի լրատվամիջոցներին լռեցնելու հնարավորություն. խստացումներ՝ մեդիա ոլորտումԵՄ աջակցությունը` ընտրություններին ընդառաջ միջամտությո՞ւն, թե՞ ժողովրդավարության պաշտպանությունՀայաստանը ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-ից. Իշխանության և ընդդիմության մեկնաբանությունը«ՀՀ նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ». Գևորգ ՊապոյանԵվրամիությունը Հայաստանին 12 մլն եվրոյի աջակցություն կտա այդ թվում ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի համարՀետաքննություն. ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ Ռուսաստանն ակտիվացնում է քարոզչությունը Հայաստանում