Թբիլիսիում տասնյակ նեոնացիստներ են ձերբակալվել

Վրաստան - Թբիլիսիի ոստիկանապետ Վաժա Սիրաձե, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Թբիլիսիում գործող նեոնացիստական կազմակերպության 17 անդամների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թբիլիսիի ոստիկանության քաղաքային վարչության ղեկավար Վաժա Սիրաձեն։ Նրա խոսքով՝ ձերբակալվածներից 10-ն անչափահասներ են։

«Նախաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները իրենք իրենց որպես նեոնացիստներ էին ներկայացնում և առաջնորդվում էին ֆաշիստական գաղափարախոսությամբ։ Նրանք դաժանորեն ծեծի էին ենթարկում այն անձանց, որոնք չէին կիսում իրենց հայացքները՝ այդ թվում անչափահասներին։ Ծեծը պատկերող տեսանյութերը ձերբակալվածները հրապարակում էին համացանցում», - նշել է բարձրաստիճան ոստիկանը։