«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն՝ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն այսօր ձայնագրություն հրապարակեց, որտեղ լսվում է, թե ինչպես է կինը վարչապետի այցին ընդառաջ ուսանողներին ասում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելու մասին։
Թաթոյանն ասաց, որ խոսքը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մասին է:
Հրապարակված ձայնագրությունում կինն ասում է.- «Երեխեք ջան, վաղը ժամը հինգին մենք պետք է հրապարակում հավաքվենք, երկու կուրսին էլ վերաբերում է: Նրանք, ովքեր շատ հեռվից են գալու, խնդիր չկա մի քանի հոգու բացակայությունը ոչինչ: Բայց, նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, խնդրում եմ, ես էլ եմ գալու: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք: Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պետք է իմ տնօրինության երեսը պարզ անեմ, դուք էլ՝ իմ»:
Մեկ այլ ձայնագրությունում կինը նշում է. «Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց նաև հանձնարարված է, որ մաքսիմալ շատ լինեք»:
Իշխող ուժից դեռևս արձագանք չկա: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ երբ Արման Թաթոյանը դիմի, օրենքով սահմանված կարգով կզբաղվեն:
Ձայնագրություններում ենթադրաբար լսվում է Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գրիգորյանի ձայնը, որը դասավանդում է տարածաշրջանային պետական քոլեջում: Կապվեցինք նրա հետ, մեղադրանքները չի ընդունում, թեև պարզ լսվում են նրա հորդորները.
«Արդեն հասկացա ինչի մասին ա խոսքը, պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մեկին ոչ մի հրահանգ չեմ տվել, բանսարկություն ա, իմ անձի նկատմամբ քաղաքական մոտիվներով մարդիկ փորձում են սարքել. էսքան բան, սրանից ավելի բան ինձ խնդրում եմ չանհանգստացնել...»,- ասաց Լուսինե Գրիգորյանը:
Սա վարչական ռեսուրսի չարաշահման մասին անցած երեք օրերի ընթացքում երկրորդ մեղադրանքն է։ Նախորդն էլ ուսուցիչներին էր առնչվում:
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Ապարան համայնքում ՔՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման մասին դիտորդների ահազանգերին, ասաց՝ Արագածոտի մարզի 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դրանք դեռ չեն մակագրվել, քանի ընթանում է ծառայողական քննությունը: