Մինչ իշխանություններն ամենաբարձր մակարդակով պարբերաբար ընդգծում են, որ հաստատված խաղաղության պայմաններում սահմանին արդեն մեկ տարի է՝ զոհ չկա, տարեսկզբից արդեն չորրորդ զինծառայողն է մահանում խաղաղ պայմաններում: Երեկվա ողբերգական դեպքը գրանցվել է Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում, զոհվածը պայմանագրային զինծառայող էր:
Զինծառայողի մահվան մասին երեկ երեկոյան հայտնեց Shamshyan.com-ը, որից շուրջ 12 ժամ անց եղավ պաշտոնական հաստատումը, բայց լռությունը խախտեց ոչ թե Պաշտպանության նախարարությունը, այլ Քննչական կոմիտեն:
«2026 թվականի ապրիլի 2-ին Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինվորական պաշտոնեական անփութության և զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», - ասված է հաղորդագրությունում:
Իրավապահ կառույցից այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը 29-ամյա պայմանագրային զինծառայող է, 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ նախարարությունից տեղեկություն ստանալ չհաջողվեց, հրաժարվեցին խոսել նաև զինվորական հոսպիտալից:
Մահացած պայմանագրայինը որտե՞ղ էր ծառայում, երբվանի՞ց էր Բաղրամյանի հայտնի պալիգոններում վարժանքների, թե՞ հենց տեղում էր ծառայում, հայտնի չէ: Պարզ չէ նաև՝ հարուցված քրեական գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ, ո՞ւմ անփութությունն են քննում իրավապահները: Դեպքից ոչ մի տեղեկություն չուներ նաև Բաղրամյան համայնքի ղեկավարը, այդպես պնդեց: «Դեպքի մասին ոչինչ չեմ կարա ասեմ, մինչև ես էլ հստակ չիմանամ, ինչքան գիտեմ համայնքից չի եղել», - ասաց Շանթ Առաքելյանը:
Ողբերգական այս վերջին դեպքից առաջ ևս երկու դեպքի մասին նախարարությունը հայտնել էր փետրվարին, մեկի մասին՝ հունվարին: Դրանք իրավապահները քննում են ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երկու ամսում՝ երեք զոհ բանակում«Տարօրինակ է, որ Պաշտպանության նախարարությունը դեռևս լռում է»
Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը տարակուսած է՝ ինչո՞ւ 29-ամյա պայմանագրայինի մահվան լուրը ռազմական գերատեսչությունը չհաղորդեց:
«Առնվազն տարօրինակ է, որ Պաշտպանության նախարարությունը դեռևս լռում է այս մասին: Չեմ կարող ասել, թե ինչ է թաքնված դրա հետևում, ամեն դեպքում թաքցնելը հնարավոր չէ, քանի որ արդեն իսկ պաշտոնական մեկ այլ հաստատում կա դեպքի մասին», - ասաց Մովսեսյանը:
Ընդհանուր առմամբ, իրավապաշտպանի գնահատմամբ, բանակում զոհերի թիվը շարունակում է մնալ մտահոգիչ: Եթե այս տարի պաշտոնապես արդեն չորս դեպքի մասին է հաղորդվել, ապա իրավապաշտպանի տվյալներն այլ են:
«Սա մեր տվյալներով արդեն այս տարվա յոթերորդ դեպքն է մահվան Զինված ուժերում, դեպքերից մեկն ինքնասպանության հետևանքով է, երկուսը՝ սպանության, երկուսն՝ ավտովթարի, մեկ դեպք՝ դեռևս անհայտ պատճառներով, վերջին դեպքը՝ պայթյունի հետևանքով, սա արդեն յոթերորդն է», - ներկայացրեց նա:
Նախարար Սուրեն Պապիկյանը մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ դարձյալ վրդովված էր՝ ինչո՞ւ են բանակին վերագրվում նաև այն դեպքերը, որոնք չեն արձանագրվել հենց ծառայության ընթացքում: Անցած տարվա վիճակագրությունը հենց այդ տարանջատմամբ էր Սուրեն Պապիկյանը ներկայացնում, որ ծառայության հետ կապված 6 դեպք է գրանցվել, իսկ 24 պայմանագրային զինծառայող էլ մահացել է, բայց դրանք, ըստ Պապիկյանի, ծառայության հետ կապ չունեն: Պատճառները տարբեր են՝ ավտովթարներից մինչև հիվանդություններ:
«Հիմա այս ամենը գումարում են իրար, այդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատը առած ժամկետային զինծառայողներն իրար կոտորում են կամ էլ իրար նվաստացնում են, որ ինքնասպան լինեն: Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ, չենք հերքում, որ կան ոչ կանոնադրային հարաբերություններ, մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում, բայց այդ կերպ փորձել անընդհատ ահաբեկել, ցավեցնել մեր հասարակությանը, մի բանի մասին է՝ էս բոլոր հավաքական խմբերը, նաև արտախորհրդարանական նորելուկ կուսակցությունները, մահվան ու պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են», - ասել է Պապիկյանը:
Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը բացատրում է՝ որպեսզի պարզ լինի՝ արձանագրված դեպքերը ծառայության հետ կապ ունեն իրականում, թե ոչ, պետք է մանրամասն քննություն իրականացվի, իսկ այդպիսի քննություն սովորաբար չի էլ արվում: Անգամ ավտովթարների դեպքում, իրավապաշտպանի կարծիքով, միանշանակ չի կարելի պնդել, թե ծառայության հետ կապ չկա, ի վերջո բանակի հաստիքներն են կրճատվում: Իսկ հիվանդություններով պայմանավորված մահերի դեպքում շատ ավելի խնդրահարույց է պնդումը, թե ծառայության հետ կապ չկա:
«Արդյոք պայմանագրային զինծառայողները, սպաները ենթարկվո՞ւմ են այն հետազոտություններին, որոնք պլանային կարգով պետք է իրականացվեն, որպեսզի առողջական խնդիրները բացահայտվեն ու չհասնի խնդիրն այն աստիճանի, որ հանգեցնի մահվան: Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել, մինչև հայտարարելը, որ նման դեպքերը կապված չեն ցինվորական ծառայության հետ», - ընդգծեց Մովսեսյանը:
Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանի գնահատմամբ՝ Զինված ուժերում բարեփոխումների մասին իշխանության պնդումներն առայժմ դրանց արդյունավետության մասին չեն խոսում: