Ուկրաինան Ռուսաստանին արդեն մեծ փոխզիջում է անում՝ պատրաստակամություն հայտնելով տարածքների հարցը լուծելու նպատակով համաձայնել սկզբունքի կիրառմանը, ըստ որի՝ խաղաղության հասնելու համար երկու կողմերի զորքերը մնում են այնտեղ, որտեղ հիմա են, ճապոնական Kyodo լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք պատրաստ ենք իրական փոխզիջումների։ Բայց ոչ թե փոխզիջումների մեր անկախության և ինքնիշխանության հաշվին։ Մենք պատրաստ ենք քննարկել փոխզիջումները Միացյալ Նահանգների հետ, բայց ոչ թե ռուսներից անընդհատ վերջնագրեր ստանալ։ Նրանք են ագրեսորը»,- ասել է Զելենսկին։
«Ահա թե ինչու մեր կողմից փոխզիջում է արդեն այն, որ մենք ագրեսորի հետ խոսում ենք փոխզիջումների մասին: Նրանք գրավել են մեր տարածքի գրեթե 20 տոկոսը։ Եվ մենք պատրաստ ենք հիմա խոսել խաղաղության մասին՝ հիմնվելով «մնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքի վրա։ Դա մեծ փոխզիջում է»,- շեշտել է նա։
Ավելի վաղ՝ ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա ուղղակի բանակցությունների երրորդ փուլի նախօրեին, ամերիկյան Axios-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ տարածքների հարցի կարգավորման այս տարբերակին կարող է աջակցել ուկրաինացիների մեծ մասը, եթե այն դրվի հանրաքվեի:
Kyodo-ի հետ զրույցում Զելենսկին նաև վերջնագիր է որակել Ռուսաստանի պահանջը՝ զիջել ամբողջ Դոնբասը, այդ թվում՝ ռուսական զորքերի կողմից չգրավված տարածքները։
«Ի՞նչ է մեզ առաջարկում Ռուսաստանը որպես փոխզիջում։ Ի՞նչ են նրանք պատրաստ անել։ Նրանք ասացին. «Մենք պատրաստ ենք չգրավել ձեր մյուս շրջանները»։ Դա փոխզիջում չէ։ Դա վերջնագիր է»,- ասել է Ռուսաստանի սանձազերծած ագրեսիային արդեն չորրորդ տարին դիմակայող երկրի առաջնորդը:
Տարածքային հարցը մնում է Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնություններից մեկը, որի շուրջ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։