Թափառող շների խնդիրը Գյումրիում. հարձակման դեպքերն աճում են, ստերջացման ծրագիրը չի գործում

Գյումրիում թափառող շների խնդիրը գնալով խորանում է: Կենդանիների կացարանը դեռ չի կառուցվել, ստերջացման ծրագիրը չի գործում, փոխարենն ավելացել են թափառող շներն ու հարձակման դեպքերը:

Ըստ տարբեր աղբյուրների՝ Գյումրիում 4-5 հազար թափառող շուն կա: Դրանց մի մասը ստերջացված է, բայց կենդանիների թիվը ոչ թե նվազել է, այլ ավելացել: Անցած տարի շան կծելու 651 դեպք է արձանագրվել, որի համար կատաղության դեմ 2318 չափաբաժին պատվաստանյութ է օգտագործվել:

704 դեպք էլ գրանցվել է միայն այս տարվա ինը ամսում: Օգտագործված պատվաստանյութի քանակն էլ է ավելացել՝ 2756 չափաբաժին: Կատաղության դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժինը մոտավորապես 8-10 հազար դրամ արժե: Եթե անցած տարվա համար միայն պատվաստանյութ ձեռք բերելու համար ծախսվել է շուրջ 23 մլն դրամ, այս տարի 9 ամսում արդեն 27,5 մլն դրամը գերազանցում է:

Գյումրիի Էնրիկո Մատեի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրենն ասում է՝ այս հոկտեմբերի դրությամբ իրենց քառակի շատ են դիմել անցած տարվանից:

Կատաղության դեմ պատվաստանյութն անվճար է:

Պատվաստումներն անող բուժքույր Նարինե Կարապետյանն ասում է՝ գրեթե ամեն օր կատաղության դեմ մեկ կամ երկու հոգու պատվաստում է անում:

Թափառող շների խնդիր քաղաքապետարանի տիրույթում է: Անցած տարի մասնակցային բյուջետավորմամբ շների կացարանի կառուցումը տապալվեց: Հինգ անգամ մրցույթ հայտարարվեց, բայց շինարար այդպես էլ չգտնվեց:

Պետական բյուջեից հատկացված 85 մլն դրամը հետ վերադարձավ, ու քաղաքային իշխանությունները դեռ տարեսկզբին հայտարարեցին, որ համայնաքապետարանն իր միջոցներով է այն կառուցելու: Ընդամենը 200 շան համար կացարան կառուցելու մրցույթը կայացել է՝ 138 մլն դրամով այն «Գուրգեն Սողոմոնյան» ԱՁ-ն ու «Գոհարիկ» ՍՊԸ-ն են իրականացնելու:

Կացարանը նախատեսվում է կառուցել մեկ տարվա ընթացքում: Հետագայում, պնդում են, հնարավորություն կա ընդլայնելու:

Բայց մինչ քաղաքային իշխանությունները լուծումներ կգտնեն կամ նախորդ տարիների նման չեն գտնի, գյումրեցիների համբերությունն է հատում: Այստեղ արդեն նախաձեռնող խումբ են ստեղծել ու վարչապետին ուղղված ստորագրահավաք սկսել: Գյումրիի ավագանու նախկին անդամ Վարդան Հակոբյանն է նախաձեռնողը ու, ըստ նրա, սա Գյումրիում ամենաառաջնային ու հրատապ լուծում պահանջող հարցն է այսօր:


Առավել մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Թափառող շների խնդիրը Գյումրիում. հարձակման դեպքերն աճում են, ստերջացման ծրագիրը չի գործում

.