Գյումրիում ու հարակից բնակավայրերում տարիներ շարունակ չի հաջողվում լուծել թափառող շների խնդիրը, չնայած կենդանիների հարձակումները տարեցտարի ավելանում են:
Միակ տարբերակը, որն այս պահին գործում է, շների ստերջացման ծրագիրն է, բայց պաշտոնական թվերը վկայում են, որ այն չի նվազեցնում հարձակումները:
Ամեն տարի նախորդի համեմատ ամենաքիչը մի քանի հարյուրով ավելանում են կծելու դեպքերը: Օրինակ՝ 2024 թվականին 750 դեպք է եղել, 2025-ին կտրուկ աճ է գրանցվել՝ 1012 դեպք: Այս տարվա միայն հունվար ամսին նախորդ տարվա համեմատ թիվը կրկնապատկվել է՝ 102 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 49-ի փոխարեն:
Անցած տարի Գյումրիում թափառող շների կացարանի հարցը մասնակցային բյուջետավորման ծրագրով էին փորձում լուծել՝ պետական բյուջեից 81 միլիոն դրամ էր հատկացվելու, պակասողն էլ էլ համայնք էր ավելացնելու: «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագրով» նախատեսվում էր շների կացարանի ու այգու կառուցում, նաև տվյալների բազա էր ստեղծվելու ու քարտեզագրվելու էր, թե, ի վերջո, քանի՞ թափառող շուն կա Գյումրիում: Ծրագրի հեղինակ Երանուհի Սողոյանը, սակայն, ահազանգում է՝ այն ամբողջովին տապալված է:
«Եթե 2025 թվականի մասնակցային բյուջետավորման չափանիշներով նայենք, իմ կարծիքով՝ ինքը տապալված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սողոյանը:
Ծրագրի իրականացման ժամանակահատվածը համընկավ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների հետ: Մինչև քաղաքային նոր իշխանությունը ձևավորվեց, մասնակցային բյուջետավորման ծրագրի իրականացման համար պահանջվող 10 ամսվա փոխարեն 5-6 ամիս էր մնացել:
Շների կացարանի նախագիծ կա, բայց ոչ մի շինարարական ընկերություն հայտ չի ներկայացրել, որ այն կառուցի: Գյումրիի կալանավորված քաղաքապետին փոխարինող առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը ավագանու վերջին նիստին ասաց, թե փորձել են շինարարներին համոզել, որ մրցույթին մասնակցեն, բայց չեն հաջողել:
«Շինարարներին, ինչ ասեմ, հորդորել ենք, խնդրել ենք, շահագրգռել ենք, թե «եկեք մասնակցեք էս մրցույթին», մենք էլ չենք կարող, գնումները թույլ չի տալիս, օրենքը թույլ չի տալիս, որ ուղիղ [...] ինչ-որ մեկին ասենք, թե «արի քեզ հետ պայմանագիր կնքենք, և դու արա», - հայտարարեց Առաքելյանը:
Իսկ թե ինչու է տապալվել շների կացարանի համալիր ծրագիրը, Երանուհի Սողոյանն իր դիտարկումն ունի. - «Նախ, ես կարծում եմ, որ ձգձգումները և իշխանափոխությունը: Նախագծողը մեկ ամիս ու կես սպասում էր, որ իրեն տարածքը տրամադրեն, որպեսզի ինքը էդ հատվածում իր նախագծային աշխատանքները կատարի, և ամիսուկես չէին կարողանում կողմնորոշվել՝ է՞ս տարածքը, թե՞ երկրորդ տարածքը, թե՞ երրորդ տարածքը: Նախագծային աշխատանքները մինչև եղավ, ավարտվեց, օգոստոսի 28-ին նոր շինարարի մրցույթ հայտարարվեց»:
Նախընտրական ժամանակահատվածում հատկապես «Քաղաքացիական պայմանագիր»-ը, նկատի ունենալով մասնակցային բյուջետավորման այս ծրագիրը, խոսում էր շների կացարան կառուցելու ու հարցն այս ձևով լուծելու մասին: Քաղաքական մի քանի ուժեր ևս նման խոստում տալիս էին: Արդյո՞ք ծրագրի տապալման պատճառը քաղաքական է, մասնավորապես՝ այն, որ ՔՊ-ն Գյումրիում չկարողացավ իշխանության գալ:
«Ես ցավում եմ, որ ամենաապաքաղաքական, ես կասեի՝ կենդանակենտրոն, որովհետև էն չափորոշիչները և էն ամեն ինչը, որ մենք արել էինք, գրել էինք, դրել էինք, էդ ներվը, էդ ամբողջը և այլն, դա, կենդանակենտրոն էդ կառույցը, այո, որոշակիորեն ինքը տուժեց», - ընդգծեց Երանուհի Սողոյանը:
Ծրագրի հեղինակը տարեվերջին տարածքային կառավարման նախարարին նամակ է ուղարկել, հիմնավորել, որ նման մեծ ծրագիրը 5-6 ամսում հնարավոր չէ իրականացել, խնդրել, որ այն այս տարի տեղափոխվի: Նախարարությունն ըստ էության մերժել է և սլաքներն ուղղել համայնքապետարանի կողմը:
«Առաջարկում ենք 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված՝ թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման ծրագրի իրականացումը դիտարկել համայնքի 2026 թվականի բյուջեի հնարավորությունների շրջանակում», - ասված է նախարարության պատասխանում:
Փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն արդեն իսկ հայտարարել է, որ տեղական իշխանությունը նախատեսում է այս տարի արդեն տեղական բյուջեի հաշվին կացարան կառուցել. - «Քաղաքապետարանը հանձն է առնում շների կացարան կառուցելու համար: Ասում եմ՝ կացարան»:
Ի դեպ, Կառավարության որոշում կա, ըստ որի՝ այս տարվանից քաղաքային բնակավայրերը իրենց տեղական բյուջեով պիտի լուծեն թափառող կենդանիների կացարանների հարցը:
Երանուհի Սողոյանի համար անհասկանալի է, թե ինչպես քաղաքային իշխանության դանդաղկոտության պատճառով պետբյուջեից հատկացված գումարը ետ գնաց, ու բեռը մնաց առանց այն էլ հազիվ հերիքող տեղական բյուջեի վրա:
Գյումրիի 2026-ի բյուջեն 7.5 մլրդ դրամ է, համեմատության համար՝ ավելի քիչ բնակչություն ունեցող Արտաշատինը 6 մլրդ դրամ է: