Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան ռուսաստանյան հատուկ ծառայություններին մեղադրել է այս տարվա օգոստոսին Տալլինում Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը կազմակերպելու մեջ:
«Էստոնիայի Անվտանգության ոստիկանության հավաքած տեղեկատվության հիման վրա կարելի է վստահաբար եզրակացնել, որ Տալլինում օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Milrem Robotics ընկերության տարածքների հրկիզումը սաբոտաժի ակտ էր՝ կազմակերպված Ռուսաստանյան Դաշնության հատուկ ծառայությունների հրամանով», - գրել է Ցահքնան X-ում՝ բացարձակապես անընդունելի որակելով նման գործողությունները:
Այսօր Էստոնիայի ԱԳՆ է հրավիրվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Էստոնիայի արտգործնախարարը պնդել է, որ «սաբոտաժի այդ ակտը մաս է կազմում ամբողջ Եվրոպայով մեկ Ռուսաստանի ավելի լայն արշավի»՝ ուղղված Եվրոպայի երկրներին վախեցնելուն և Ուկրաինային աջակցությունը թուլացնելուն: Սակայն, հավելել է նա, դրա փոխարեն էստոնական իշխանությունները կուժեղացնեն ինչպես աջակցությունը Ուկրաինային, այնպես էլ ճնշումը Ռուսաստանի վրա՝ վերջինի ագրեսիային վերջ դնելու նպատակով:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ Milrem Robotics-ն արտադրում է THeMIS ցամաքային հեռակառավարվող մարտական մեքենաները և սերտորեն համագործակցում է Ուկրաինայի հետ: Ընկերության շենքի հրկիզման գործով ձերբակալվել է երեք անձ, նրանցից երկուսը՝ Լատվիայում:
Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել մեղադրանքները: