Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ չի հարուցել Թալինի համայնքապետի վերաբերյալ հաղորդման հիմքով

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյան, արխիվ

Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

«Համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով, և «անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում՝ որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված», - ասված է Հակակոռուպցիոնի մամուլի քարտուղարի հաղորդագրությունում:

Քննարկվող դեպքում, ըստ Մարինա Օհանջանյանի, Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը. - «Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար: Ավելին՝ որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը»:

Բացի այդ, ըստ Հակակոռուպցիոնի, հաղորդման և կից նյութերի մեջ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումներում «առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում 61-րդ հորիզոնականը զբաղեցնող Թալինի համայնքապետի կողմից բարեգործության արգելքը խախտելու մասին ահազանգել էին դիտորդները: Տավրոս Սափեյանը հերքում է այդ պնդումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թալինի համայնքապետը խախտել է բարեգործության արգելքը. ահազանգում են դիտորդներըՇռայլություն ընտրությունների նախաշեմին՝ Ստեփանավանում և Թալինում