Թաղապետարանի աշխատակիցն ահազանգում է՝ իրեն ապօրինի ուզում են ազատել

Նվարդ Նազարեթյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 18-ը օգոստոսի, 2026թ.

Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի պաշտոնյան՝ Նվարդ Նազարեթյանը պնդում է՝ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն իրեն պաշտոնից ազատելու ապօրինի գործընթաց է սկսել: ՔՊ-ական Սաշա Կատվալյանը մեկ ամիս է ինչ ղեկավարում է այս վարչական շրջանը:

«Խնդրում եմ, հորդորում եմ համապատասխան մարմիններին՝ գործադիր, օրենսդիր, օրենքներում կատարել տվյալ փոփոխությունները, որ համայնքային ծառայողը իմանա, որ ինքը պաշտպանված չի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարեթյանը, - «Դա որևէ օրենքով ասված է՞, որ, այո, ղեկավարը գալիս է, ինքը ուզում է՝ փոխում է, չի ուզում՝ չի փոխում»:

Նվարդ Նազարեթյանը թաղապետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետն է: Սաշա Կատվալյանի պաշտոնավարման իններորդ օրը նրա աշխատակազմի քարտուղարի թեկնածուն, որ դեռ նշանակված էլ չի եղել, Նազարեթյանին փոխանցել է ՔՊ-ական թաղապետի հորդորը՝ «դիմում գրի գնա», իր հետ աշխատել չեն ուզում:

«Իմ հարցին, թե ի՞նչ հիմնավորումով, ասեց, որ գործելաոճի տարբերություններ են: Դրանից հետո, երկու օր հետո՝ դա ուրբաթ օր էր, երկուշաբթի թե երեքշաբթի, հիմա կոնկրետ չեմ հիշում, ինձ իր մոտ հրավիրեց վարչական շրջանի ղեկավարը և ասեց, որ չի ուզում իմ հետ աշխատի: Իմ այն հարցին, թե ի՞նչ հիմնավորումով, ասեց՝ «դե տարբեր գործելաոճեր ունենք, մաստը չի բռնում», - պատմեց Նազարեթյանը:

Ազատման դիմում չի գրել, ու օրեր անց ՔՊ-ական Կատվալյանն ընդհանուր բաժնի ղեկավարից գրավոր բացատրություններ է պահանջել փաստաթղթերում վրիպակների համար. - «Երբ ես հրաժարվեցի դիմում գրելուց, ես լսել եմ պատասխան, որ «կխոսենք ձեր հետ գրավոր», այսինքն՝ ծանուցումներով, բացատրություններով, էդ կարգով, որը տանում է դեպի կարգապահական տույժի կիրառման»:

Նորանշանակ Կատվալյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց, որ պահանջել է դիմում գրել: Բայց ասաց՝ թերացումներ է նկատել ու չի պատրաստվում դրանք հանդուրժել: Օրինակ՝ փաստաթղթերում վրիպակներից է ազդված ու բնակիչների համար նախատեսված աթոռներից, որ վատ վիճակում են:

«Ինքը ասել է՝ «ես չեմ գրում», ես էլ ասել եմ՝ «եթե դուք մտածում եք, սիրուն ձևով, ձեր էդքան սխալներից հետո, դուք ասում եք՝ չեք գրում, ու այդ ձևով պիտի շարունակվի, այսինքն՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից պիտի գրություններ գնա տարբեր օղակներին սխալ, ինձ քաղաքապետարանից զանգեն ասեն՝ «քանի՞ անգամ պիտի զգուշացնենք, օրինակ, որ էս գրությունը սրան չուղարկեք, էս մարդուն չուղարկեք, էս մյուս մարդուն պիտի ուղարկեք», չի կարա մեր աշխատանքը նման ձև շարունակվի; Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, ես պիտի կարմիր գրիչը վերցնեմ ձեռքս, ամեն օր իր գրությունները ուղղեմ, հետ ուղարկեմ իրա՞ն», - ասաց Կատվալյանը:

Վրիպակները չհանդուրժող ղեկավարը աշխատակցից բացատրություն է պահանջել վրիպակներով, վրիպակ բառի փոխարեն էլ «վիպակ» է գրել:

Սեփական դիմումով հեռանալու պահանջը մերժած Նազարեթյանը պնդում է՝ տեքստերը սրբագրելու գործն իր լիազորությունը չէ, պաշտոնի անձնագրում, որ «Ազատությանն» էլ է ցույց տվել, չկա այդպիսի պահանջ: Իրենից բացատրություն են պահանջում մի բանի համար, որ չի բխում իր պարտականություններից:

«Էն, որ ամբողջ վարչական շրջանի գրությունները պետք է սրբագրի մի աշխատակից, դա արդեն դեմ է, և իմ պաշտոնի անձնագրում չկա նման գործառույթ», - պնդեց Նազարեթյանը:

Կատվալյանն այս վարչական շրջանը կես տարով ղեկավարել է նաև 2022 թվականին, ու այն ժամանակ էլ մամուլում գրվեց նրա կադրային ջարդի մասին:

«Մեկ-երկու օրվա մեջ երբ որ մարդը վեց հատ սխալ է անում, հետո դրանից հետո էլի է անում, հետո էլի է անում, ես չեմ պատրաստվում նման աշխատելաոճով որևէ մարդու հանդուրժել», - ասաց վարչական շրջանի ղեկավարը:

Կատվալյանը, որ վստահեցնում էր, թե աշխատանքային թերացումներից է զայրացած, երեկ Նազարեթյանին արգելեց մասնակցել թաղապետարանի գործակարգավարական նիստին, երբ տեղեկացավ, որ շենքից դուրս զրուցում է լրագրողի հետ: Ընդմիջման ժամին էր Նվարդ Նազարեթյանն «Ազատությանը» պատմում այս մեկ ամսվա զարգացումների մասին, հետո շտապեց գործակարգավարական նիստին, ապա քիչ անց վերադարձավ ու պատմեց. - «Եվ ստացա պատասխան, որ եթե հերթը հասել է արդեն լրագրողներով հարցերին լուծում տալուն, ձեր հետ կխոսվի միայն գրավոր»:

Հարցն՝ գործակարգավարական նիստին ինչո՞ւ է արգելել ընդհանուր բաժնի ղեկավարին մասնակցել, վարչական շրջանի ղեկավարն արձագանքեց. - «Իսկ դա կլինի՞ ես որոշեմ՝ ինչի չեմ թողել»:

Մինչև օրվա վերջ Նվարդ Նազարեթյանը նկատողություն ստացավ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավորմամբ: Այսօր նա դիմել է, որ ծառայողական քննությամբ պարզեն՝ արդյո՞ք ղեկավարի նկատողությունը հիմնավոր է:

«Ես դա բողոքարկելու եմ իրավապահ մարմիններին, այսինքն՝ դատական կարգով անվավեր ճանաչելու համապատասխան իրավական ակտը», - ասաց նա:

Նվարդ Նազարեթյանը, որ վերջին երեք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրմամբ տեղամասային հանձնաժողովի նախագահն է եղել, մինչև անձամբ այս խնդրին բախվելը կարծել է, թե համայնքային ծառայողները պաշտպանված են: Դեռ հույս ունի, որ վերադաս մարմինները՝ Երևանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման նախարարությունը ՔՊ-ական պաշտոնյային դիմադրող աշխատակցի իրավունքները կպաշտպանեն:

«Վստահ եմ նաև, որ համապատասխան բարձրաձայնման դեպքում կլինի համապատասխան վերաբերմունք, որովհետև այն գաղափարները, որ առաջ է քաշում այսօր մեր պետությունը, իշխանությունը, վստահ եմ, որ սա անհարիր է», - հայտարարեց Նազարեթյանը: