Ստեփանավանում պայքարը թեժանում է. երկու շաբաթից ընտրություններ են

Ստեփանավանում երկու շաբաթից կայանալիք ընտրությունների քաղաքական պայքարը թեժանում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պնդում է, թե քաղաքապետի աթոռին հավակնող մյուս 4 ուժերը նույն իշխանական թիմի տարբեր դեմքերն են:

Կուսակցության թեկնածուի քարոզարշավը ղեկավարող, ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն իշխանության արբանյակ է որակում այլ համայնքներում «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմած ու Ստեփանավանում առաջադրված անգամ ընդդիմադիր ուժերին: Պնդում է, թե իրենց բոլոր 4 մրցակիցները նպատակ ունեն ընտրություններից հետո ավագանու իրենց մանդատներն իշխող թիմին նվիրել ու փոշիացնել ընդդիմադիր ձայները:

«Գործարար» և «Հանրապետություն» կուսակցություններն իրենց ձայները տալու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Սա ես պատասխանատու ձևով հայտարարում եմ, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը» ունի մեկ թեկնածու, և մնացած բոլոր ուժերը աջակցելու են հենց այդ թեկնածուին: Այն կուսակցությունները, որոնք ընդդիմադիր լինելով քաղաքական պայքարի մեջ են մտնում, բայց չունեն շանսեր և նրանց գործողությունները միտված են ձայներ փոշիացնելու, մենք պայքարում ենք նաև այդ կուսակցությունների դեմ», - ասաց Գևորգյանը:

ՔՊ թեկնածու Արայիկ Ներսիսյանը

Գորիսում ու Գավառում «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմած գործարար կուսակցության ցուցակը Ստեփանավանում գլխավորում է գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանը, որին իշխանությունները նախընտրեցին չառաջադրել՝ փոխարենը վստահեցին 36 տարվա համայնքապետի փորձով Արայիկ Ներսիսյանին: Նրանք չեն խոսում հետընտրական կոալիցիայից ու նշում են միայն իրենց բացարձակ հաղթանակի մասին:

Իշխանամետ դիրքավորում ունեցող «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Ալեքսանյանն էլ հայտարարում է, թե ասպարեզ է եկել անարդարությունների դեմ պայքարելու համար, թեև այդպես էլ չի հստակեցնում, թե որոնք են դրանք:

«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Ալեքսանյանը

Ալեքսանյանն, ըստ իր հայտարարագրի, աշխատանք ու եկամուտ չունենալով, 12 միլիոն դրամ և 20 հազար դոլար ունի: Ըստ պետռեգիստրի տվյալների, մինչդեռ, նա Ստեփանավանի սուպերմարկետներից մեկի 70 տոկոս բաժնետերն է, իսկ նախընտրական շտաբ էր ժամանել 50-60 հազար դոլարանոց «Lexus»-ով, ինչի մասին հայտարարագրում որևէ հիշատակում չկա: Հարցազրույցում նշեց միայն, թե անցյալում բիզնեսով է զբաղվել:

Մաքսակետում աշխատանքը բիզնես համարող թեկնածուն անարդարությունների թեման խոստացավ բացել միայն ընտրողների հետ առանձնազրույցներում, բայց ոչ տեսախցիկի առաջ:

«Ուժեղ Հայաստանի» թիրախում է հայտնվել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը:

«Հայրենիք» կուսակցության թեկնածու Աշոտ Հայրապետյանը

Ամսական ընդամենը 64 հազար դրամ կենսաթոշակ ու մի համեստ ավտոմեքենա հայտարարագրած թեկնածու Աշոտ Հայրապետյանը չի ընդունում ձայներ փոշիացնելու մեղադրանքը, թեև չի էլ պնդում, թե հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:

«Հայրենիք» կուսակցությունն ինքն իրանով ընդդիմադիր ա, բայց էս ընտրություններին մենք մասնակցում ենք չեզոք դիրքերից: Մենք ոչ մեկին ո՛չ կողմ ենք, ո՛չ դեմ ենք, առանձին մեզ համար մասնակցում ենք», - ասաց Հայրապետյանը:

Մյուս չորս ուժերին իր մրցակիցը համարող «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Արսեն Գևորգյանն է:

«Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանը

Նա իր հայտարարագրում նշել է, որ անհատ ձեռներեց է և ունի 37 միլիոն դրամ տարեկան եկամուտ: Ասում է, որ տեղացիներին հայտնի է իր աջակցություններով՝ առանց մանրամասների:

Ստեփանավանի բնակիչները զգուշավոր էին ու սակավախոս: Նրանք խուսափում էին տեսախցիկի առջև խոսել կամ կոնկրետ անուններ տալ, եթե խոսքն իշխանության մասին չէր: