Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև բանակցությունների արդյունքում Հայաստանի կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։
Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար, հաղորդում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Ներքին գործերի նախարարությունները, որոնց համագործակցությամբ իրակաացվել է նախաձեռնությունը։
Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՆԳՆ-ին՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են, նշված է հաղորդագրությունում:
Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև համագործակցության շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։
SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետը Հայաստանում հասանելի է անցած տարվա մարտի վերջից: