Ստամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Ստամբուլում այսօր մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ՝ Ջեյհուն Բայրամովի, Մակա Բոճորիշվիլիի և Հաքան Ֆիդանի եռակողմ հանդիպումը։

Ինչպես հայտնել է APA գործակալությունը, ավելի վաղ կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ մինչև եռակողմ հանդիպման մեկնարկը։

«Համագործակցության այս ձևաչափերը նպաստում են երկրների քաղաքական դիրքորոշումների մերձեցմանը և տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր փոխըմբռնման ձևավորմանը։ Սա վերաբերում է նաև մեր պետությունների միջև տնտեսական համագործակցությանը՝ մեր երկրների շահերի առաջմղման նպատակով»,- հավելել է Պապուաշվիլին։