SSJ 100-ները կարող են աստիճանաբար դուրս մղվել ՌԴ ավիաընկերությունների պարկից

Sukhoi Superjet 100 օդանավը, արխիվ

Sukhoi Superjet 100 (SSJ 100) օդանավերը կարող են աստիճանաբար դուրս մղվել ռուսաստանյան ավիաընկերությունների պարկից, եթե պետությունը չֆինանսավորի դրանց օտարերկրյա շարժիչների փոխարինումը ռուսականով: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Աէրոֆլոտ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ալեքսանդրովսկին Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ:

«Եթե շարժիչների փոխարինման սուբսիդավորում չլինի, տեղի կունենա SSJ 100 շահագործող բոլոր ընկերությունների (օդային) նավատորմի դուրսմղում», - ասել է Ալեքսանդրովսկին՝ առանց նշելու պետական աջակցության անհրաժեշտ ծավալը:

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ մեկ օդանավի երկու ռուս-ֆրանսիական SaM-146 շարժիչների փոխարինումը ռուսական ПД-8 շարժիչներով կարող է արժենալ 2 միլիարդ ռուսական ռուբլուց (շուրջ 23 միլիոն դոլար) ավելի: Հրատարակության որոշ աղբյուրներ այդ գնահատականը նվազեցված են համարում:

SSJ 100-ների սպասարկման հետ կապված խնդիրներն ի հայտ են եկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելուց հետո. 2022 թվականին ֆրանսիական Safran ընկերությունը դադարեցրել է մասնակցությունը Ռուսաստանի Միացյալ շարժիչաշինական կորպորացիայի հետ համատեղ ձեռնարկությունում:

Ոլորտում քննարկվում է շուրջ հինգ տասնյակ SSJ 100-ների՝ Ռուսաստանում այդ օդանավերի պարկի մոտ մեկ երրորդի շարժիչների փոխարինման հարցը:

Ավելի վաղ Ռուսաստանի Միացյալ շարժիչաշինական կորպորացիայում կանխատեսել էին, որ մինչև 2030 թվականը շարժիչների ռեսուրսների սպառման հետևանքով կարող է դուրս մղվել SSJ 100-ների ամբողջ պարկը՝ շուրջ 160 օդանավ:

«Աէրոֆլոտ»-ն ակնկալում է SSJ 100-ների պարկի կրճատումը փոխհատուցել այլ օդանավերի չվերթների վերաբաշխմամբ և ռուսաստանյան նոր МС-21 օդանավերի մատակարարումներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կկարողանա՞ MC-21-ը փրկել ռուսական քաղաքացիական ավիացիան