Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության հարցերով Սպիտակ տան աշխատանքային խմբի գործադիր տնօրեն Էնդրյու Ջուլիանին պաշտպանել է Իրանի ազգային հավաքականի նկատմամբ ճամփորդական սահմանափակումները՝ հայտարարելով, որ կարգավորումները դեռ քննարկվում են, սակայն տվյալ պահին պլաններում փոփոխություններ չկան:
Իրանի թիմը բողոքում է, որ իրենց թույլ են տալիս առաջնության հանդիպումը հյուրընկալող ամերիկյան քաղաք մուտք գործել խաղից 24 ժամ առաջ միայն, իսկ խաղից անմիջապես հետո էլ պետք է վերադառնան Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մարզաբազա: Մարզիչ Ամիր Քալեհնուին իր թիմը նկարագրել է որպես աշխարհի առաջնության «ամենաճնշված թիմ»:
Ջուլիանին ասել է, որ Բելգիայի հետ այսօր Լոս Անջելեսում կայանալիք հանդիպումից հետո Իրանի թիմը 27-րոպեանոց թռիչքով կվերադառնա Տիխուանա, ապա ամերիկացի պաշտոնյաները կքննարկեն կարգավորումները Սիեթլում Եգիպտոսի հետ խաղի համար:
Նա նաև հաստատել է, որ Իրանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմը վիզաներ ստացել են, բայց որոշ պաշտոնյաների վիզա չի տրվել: Ջուլիանին որպես պատճառ մատնանշել է այդ անձանց վերաբերյալ «բացասական տեղեկատվությունը» և ընդգծել, որ Միացյալ Նահանգների նպատակն է ապահովել իր քաղաքացիների և աշխարհի առաջնության միջազգային այցելուների անվտանգությունը: