Ավելի քան երկու տարվա վաղեմության՝ 2024-ի հունիսի 12-ի դեպքերը ուսումնասիրող փաստահավաք խումբ կստեղծվի:
Ոստիկանների գործողություններից տուժած ցուցարարների պատմությունները, որ այդպես էլ իրավական հետևանք չունեցան, խումբը կհավաքի ու կուղարկի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետներին, ասում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Փաստահավաք խմբում կլինեն Տաթևիկ Սողոյանը, Բագրատ սրբազանի գործով մյուս փաստաբան Հովհաննես Խուդոյանն ու Լիդյա Մանթաշյանը, որ այս գործով կալանավորված էր: Հունիսի 12-ին վարչապետի հրաժարականի պահանջով ցույցն Ազգային ժողովի հարակից տարածքում առաջնորդում էր Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ցույցը, որ ընթանում էր Ազգային ժողովի նիստին զուգահեռ, Սիրահարների այգու մոտ, որտեղ քաղաքացիներ ու երեխաներ էին զբոսնում, ոստիկանները ցրեցին լուսաձայնային նռնակներով ու ուժով: Չհերքեցին, որ արգելված «Զարյա 3» տեսակի նռնակ էլ է կիրառվել: Այդ գործողությունների հետևանքով վնասվածքներ էր ստացել 100 մարդ: Քրեական գործով որևէ իրավապահ մինչ այս պահը մեղադրյալի կարգավիճակ չունի, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Չնայած այդ օրերի բուռն քննադատություններին, որ ոստիկանները իրավաչափ չեն գործել, ու մարդկանց ծանր վնասվածքների մասին փաստող տեսանյութերին, վարչապետ Փաշինյանը նույն օրը Ազգային ժողովի ամբիոնից շնորհակալություն հայտնեց ոստիկաններին:
Իսկ ինչո՞ւ երկու տարի անց որոշեցին քաղաքացիների ոտնահարված իրավունքների հարցը հասցնել միջազգային հեղինակավոր փորձագետներին: Փաստաբան Սողոյանն ասում է, որ սրան նպաստել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետների կարծիքը Բագրատ Սրբազանի գործով: Պաշտպանական կողմն էր դիմել: Վերջերս են նրանց գրությունը ստացել:
Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, նրանց ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրելը, ազատազրկելը և 2024-ի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն ու տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Հեղինակավոր փորձագետները արձանագրել են, որ Ազգային ժողովի հարակից տարածքում ուժի գործադրումը կարող է դիտարկվել որպես կյանքի իրավունքը հարգելու պարտավորության խախտում, միջազգային իրավունքի խախտում կարող են լինել նաև հարուցված քրեական գործն ու «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ կիրառված սահմանափակումները՝ ընտրված խափանման միջոցները:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքի հանձնակատարի գրասենյակից մայիսին են Հայաստանի կառավարությանը գրություն ուղարկել ու հարցեր ուղղել. արդյո՞ք իրավապահները քննել են ուժի գործադրման միջադեպը, ի՞նչ արդյունքներ են եղել և ի՞նչ են արել իշխանությունները նման դեպքերը կանխելու համար:
Փաստահավաք խմբի գաղափարը ոգևորել է ոստիկանական գործողություններից տուժած Եսայի Քարամյանին, նա այդ օրը զրկվեց աջ ձեռքի մատներից:
Քարամյանին քննիչները մեկ անգամ հիվանդանոցում են հանդիպել, մեկ անգամ էլ ուղարկել են բժշկական փորձաքննության ու դրանից հետո ասում է հարցաքննության էլ չեն կանչել:
«Դա առաջին ու վերջին անգամն է եղել, որ այս գործի հետ կապված ինձ հարցաքննել են կամ ընդհանրապես որևէ կերպ անհանգստացրել են», - ասաց նա
Աջ ձեռքից գրեթե զրկված Քարամյանը հույս ունի, որ միջազգային փորձագետների արձագանքից հետո գործը տեղից շարժվի ու մեղավորները կպատժվեն: