Չինական Շենժեն քաղաքում վաղը նախատեսված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի կունենա այսօր մեկնարկած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:
Սի Ծինփինն այսօր Շենժենի օդանավակայանում անձամբ է դիմավորել Դոնալդ Թրամփին: Գիշերվանից Շենժենում է նաև Վլադիմիր Պուտինը, որը գագաթնաժողովի մասնակիցների գալա ընթրիքից առաջ լուսանկարվելու ժամանակ մոտեցել ու բարևել է Թրամփին:
Կրեմլի խոսնակն ասել է, որ Պուտինն ու Թրամփն այսօր, գուցե, ժամանակ չունենան լիարժեք բանակցությունների համար, սակայն կարող են զրուցել գագաթնաժողովի շրջանակում: Եվ նման հնարավորություն լինի, ապա առաջնորդները կարծիքներ կփոխանակեն Ուկրաինայի և Իրանի շուրջ, ասել է Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանում է Շենժենի օդանավակայան՝ մասնակցելու կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների գագաթնաժողովին, 18-ը նոյեմբերի, 2026թ.
Արտիստները ծածանում են չինական և ամերիկյան դրոշները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորելու արարողության ժամանակ, 18-ը նոյեմբերի, 2026թ. Շենժեն, Չինաստան
Ավելի արդար ու բազմաբևեռ աշխարհակարգ
Մինչ այդ Չինաստանի նախագահը հանդիպել էր Պուտինի հետ, թեև նրան անձամբ չէր դիմավորել: Առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային իրավիճակը։ Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանի բարգավաճման համար: Ըստ նրա՝ Մոսկվան ու Պեկինը կուռ հարաբերություններ ունեն, որոնք դիմանում են ցանկացած փորձության և նպաստում են գլոբալ կայունությանը։
«Պարոն նախագահի և իմ հաստատուն ղեկավարության ներքո Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները մնացել են լեռան պես ամուր՝ տեղի չտալով քամուն և անձրևին ... և ապահովելով ավելի մեծ կայունություն և վստահություն օրեցօր ավելի բարդ դարձող ու արագ փոփոխվող աշխարհում»,- ասել է Չինաստանի նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, 18-ը նոյեմբերի, 2026թ., Շենժեն
Պուտինն էլ ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցում են՝ ձևավորելու ավելի արդար ու բազմաբևեռ աշխարհակարգ:
«Ռուսաստանի և Չինաստանի քաղաքական գործընկերությունը գործում է կայուն և դրական։ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մենք պահպանում ենք կառուցողական մոտեցումներ՝ ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգ ձևավորելու հարցում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Գագաթնաժողովի բացման արարողությանը թե՛ Ծինփինը, թե՛ Պուտինը քննադատել են Արևմուտքի սահմանած պատժամիջոցները: Պուտինը նաև պնդել է, որ դրանք ձախողվել են, ապա հույս է հայտնել, որ վաղվա եռակողմ հանդիպումը զգալի օգուտ կբերի: Ակնկալվում է, որ վաղվա հանդիպմանը առաջնորդները կքննարկեն Իրանի շուրջ պատերազմն ու միջուկային զինաթափման հարցը։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի մասնակիցները խմբակային լուսանկարի են պատրաստվում, 18-ը նոյեմբերի, 2026թ. Շենժեն, Չինաստան
Ինչ սպասել եռակողմ հանդիպումից
Շենժենի պատմական հանդիպումը շատերը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին կայացած Յալթայի համաժողովի հետ, որի ժամանակ էլ որոշվեց Եվրոպայի և ասիական մի շարք փոքր պետությունների ճակատագիրը։
Որոշ վերլուծաբաններ, սակայն, կարծում են, որ Շենժենի հանդիպումն էապես կտարբերվի դրանից: Վիրջինիայի CNA Corporation-ի փորձագետ Էլիզաբեթ Վիշնիկի կարծիքով՝ նույնիսկ եթե առաջնորդները ցանկանային նման որոշումներ կայացնելու իշխանություն ունենալ, նրանք չէին կարող դրանք կյանքի կոչել, քանզի աշխարհը շատ է փոխվել:
«Այսօր բավական շատ անկախ գործիչներ մեծ տերություններին խոչընդոտելու կարողություն ունեն: Տեսեք, թե ինչ է կատարվում Պարսից ծոցում»,- ասել է փորձագետը:
Ավստրալական Lowy Institute-ի գիտաշխատող Բոբո Լոուի կածիքով՝ Չինաստանը փորձում է իրեն դիրքավորել որպես Գլոբալ Հարավի առաջնորդ։ Ըստ նրա, տեսակետը, որ գլոբալ կառավարման հարցում կարևոր որոշումները կայացնում են այս երեք առաջնորդները, հակասում է Պեկինի նարատիվին: «Չինացիները չափազանց զգուշավոր են այդ գաղափարի նկատմամբ»,- «Ազատությանն» ասել է նա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի գալա ընթրիքին, 18-ը նոյեմբերի, 2026թ. Շենժեն, Չինաստան
Վաշինգտոնում գործող Stimson Center ուղեղային կենտրոնի չինական ծրագրի տնօրեն Յուն Սունն էլ «Ազատությանն» ասել է, որ Ծինփինի համար առաջնահերթ է հաջողությամբ հանդիպումներ անցկացնելն ու գերտերությունների հարաբերությունների կայունացման տպավորություն ստեղծելը: «Չինաստանը կկենտրոնանա սիմվոլիզմի վրա, այլ ոչ թե ձեռք բերված կոնկրետ համաձայնությունների»,- ասել է նա:
Հուդզոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ցիպորա Ֆրիդն էլ կարծում է, որ վաղվա հանդիպումից ամենաշատը կշահի Պուտինը, նույնիսկ եթե շոշափելի արդյունք չգրանցվի: Ըստ վերլուծաբանի՝ սա Պուտինին կօգնի վերականգնել իր միջազգային հեղինակությունը և դուրս գալ մեկուսացումից։ «Նա կկարողանա Ռուսաստանը ներկայացնել որպես մեծ տերություն, որը բանակցում է Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց մտահոգվելու մարտի դաշտում պարտության մասին», - ասել է նա։