Սի Ծինփինը բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի «անսասան» հարաբերությունները

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա բանակցությունների ընթացքում բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի «անսասան» հարաբերությունները:

Այս հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին այցից օրեր անց:

Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում Պեկինը և Մոսկվան երկարաձգել են Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը:

Չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սի Ծինփինն ասել է, որ Պեկինն ու Մոսկվան «շարունակաբար խորացրել են մեր քաղաքական փոխադարձ վստահությունն ու ռազմավարական համակարգումը՝ ցուցաբերելով անսասան կայունություն»։

Չինաստանի նախագահը նշել է, որ աշխարհում այսօր մոլեգնում է «միակողմանի գերիշխանությունը», ինչի արդյունքում աշխարհը կանգնած է «ջունգլիների օրենքին վերադառնալու վտանգի առաջ»։ Ծինփինը կոչ է արել ամեն ինչ անել՝ «մարդկության համար ավելի լավ ապագա» ապահովելու նպատակով:

«Չինաստանը կշարունակի խթանել չինական ազգի երիտասարդացումն ու ուժեղ պետականաշինությունը արդիականացման չինական ոճով և անընդհատ կընդլայնի աշխարհի հետ բարձր մակարդակի փոխգործակցությունը՝ զարգացման հնարավորությունները կիսելով Ռուսաստանի և այլ երկրների հետ՝ մարդկության համար համատեղ ավելի լավ ապագա ստեղծելու համար»,- հայտարարել է Չինաստանի նախագահը:

Միևնույն ժամանակ, Պուտինը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ հարաբերությունները հասել են «աննախադեպ բարձր մակարդակի»՝ չնայած «անբարենպաստ արտաքին գործոններին»՝ առանց որևէ երրորդ երկրի նշելու:

Պուտինի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան ու Պեկինը ընդհանուր համաձայնության են եկել նաև «Սիբիրի ուժը 2» գազատարի շուրջ, որի կառուցման դեպքում Ռուսաստանից տարեկան մինչև 50 միլիարդ խ/մ մետր գազ կփոխադրվի Չինաստան։ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ որոշ ճշգրտումներ դեռ պետք է արվեն, բայց «փոխըմբռնում արդեն կա»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը ժամանել է Պեկին՝ Սի Ծինփինի հետ բանակցություններ վարելու համարՊուտինը կարող է «զղջալ» Ուկրաինա ներխուժման համար. Սի Ծինփին. FTՌուսաստանը և Չինաստանը պատրաստ են աջակցել միմյանց ինքնիշխանության պաշտպանության հարցում. ՊուտինԹրամփը «հսկայական հաջողություն» է համարում իր այցը Պեկին