Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ անցած գիշերը քառակոպտերների (քվադրոկոպտեր) կիրառմամբ հերթական հարձակումն է իրականացվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքի վրա։
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում։ Նշվում է, որ ԱԹՍ-ներից մեկը դեսպանատան տարածք է նետել կարմիր ներկով տարա, իսկ երկրորդը, որին ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքի նման առարկա, ընկել է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում՝ շենքի հարևանությամբ։
Ռուսական կողմը տեղի ունեցածը գնահատել է ոչ միայն որպես սադրանք, այլև որպես «բացահայտ ահաբեկման փորձ»։
Դեսպանատունը նաև պնդում է, թե նմանատիպ միջադեպերը Ստոկհոլմում արդեն կրում են համակարգային բնույթ, իսկ տեղական իրավապահ մարմինները, նրանց խոսքով՝ սահմանափակվում են միայն դեպքերի ձևական արձանագրմամբ։
Շվեդիայի իշխանությունները մինչ այժմ պաշտոնապես չեն արձագանքել։
Նմանատիպ դեպքի մասին հաղորդվել էր նաև անցյալ տարի մայիսին, երբ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան տարածք էր նետվել ներկով տարա։ Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստվում է բողոքի նոտա հղել շվեդական կողմին՝ կոչ անելով Շվեդիային «սանձել արմատականներին»։