Շտայնմայերը կոչ է անում համակարգչային խաղերին ավելի քննադատաբար մոտենալ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Գերմանիայի նախագահը կոչ է արել համակարգչային խաղերին ավելի քննադատաբար մոտենալ։

Քյոլնում՝ Gamescom տեսախաղերի խոշոր ցուցահանդեսում ելույթի ժամանակ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համակարգչային խաղերից կախվածությունը որակել է որպես հիվանդություն։

«Եվ, իհարկե, կան համակարգչային խաղեր, որոնցում երիտասարդները բախվում են դաժանության, սեքսիզմի, ռասիզմի, ծայրահեղական գաղափարախոսությունների», - հավելել է Գերմանիայի նախագահը։

Միևնույն ժամանակ, Շտայնմայերն ընդհանուր առմամբ դրական է գնահատել խաղային ոլորտը՝ խոստովանելով, որ ինքը խաղերի սիրահար չէ։

Գերմանիայի նախագահը նաև նշել է, որ խաղային ոլորտում կիրառվող տեխնոլոգիաները կարևոր են նաև այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են բժշկությունը, ճարտարապետությունը և ավտոմեքենաների դիզայնը։