Շրջափակումը կշարունակվի այնքան, մինչև Թեհրանը չհամաձայնի գործարքի. Թրամփ

Իրանի ռազմածովային շրջափակումը կշարունակվի այնքան, մինչև Թեհրանը չհամաձայնի գործարքի, որը կփարատի ԱՄՆ մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Axios-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը: Նա պնդել է, թե շրջափակումը տնտեսապես խեղդում է Իրանին, իսկ հաջորդիվ էլ ավելի վատ է լինելու Թեհրանի համար: Թրամփը նաև պնդել է, թե Իրանը ցանկանում է գործարքի գնալ, սակայն ինքը չի ցանկանում շրջափակումը հանել, քանզի այն շատ արդյունավետ է ընթանում:

«Շրջափակումը հանճարեղ է, լա՞վ։ Շրջափակումը 100 տոկոսով անթերի է եղել։ Դա ցույց է տալիս, թե որքան լավն է մեր նավատորմը, կարող եմ դա ձեզ ասել։ Ոչ ոք խաղեր չի խաղալու»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Axios-ը նաև գրում է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը սկսել է Իրանի դեմ «կարճատև և հզոր» հարձակման ծրագիր մշակել, եթե բանակցությունները ձախողվեն։ Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ հրամանատարությունը նոր ծրագրի մասին Թրամփին կներկայացնի այսօր: Սպիտակ տունն ու Կենտրոնական հրամանատարությունը չեն մեկնաբանել լուրը: