Շուշիի արևելյան գերեզմանոցի պատմական տապանաքարերն ու 12-13-րդ դարերի խաչքարերը այժմ հողին են հավասարեցված: Այդ տեղով հիմա Ադրբեջանի իշխանությունը կոյուղատար խողովակներ է անցկացնում:
Շուշիի այս պատմական գերեզմանոցում միայն հայեր չէին, այստեղ ննջում էին նաև ռուսական կայսրության բարձրաստիճաններ ու եվրոպացիներ: Նաև Սոֆիա-Ռեգինա Ռիանդերի տապանաքարն էր այստեղ՝ գերմանացի պրոֆեսորի դուստրը:
Արցախի հուշարձաններով ավելի քան 50 տարի զբաղվող Սլավա Սարգսյանը, Ադրբեջանի կողմից հայկական հետքերի հերթական ավերման մասին շատերի պես Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնի փաստագրությունից է տեղեկացել: Այստեղ արբանյակային լուսանկարներ են, որոնցում պատմական գերեզմանոցն ու խաչքարերը արդեն չկան:
Շուշիի պատմական գերեզմանատունը ապրիլի 25-ի և հուլիսի 23-ի դրությամբ
Ըստ մշտադիտարկող խմբի, դրանք բուլդոզերների տակ են անցել մայիս ամսին: Խումբն արձանագրել է՝ տապանաքարերն ու խաչքարերը 2 դարի պատմություն ու բազմաթիվ պատերազմներ էին տեսել, բայց չդիմակայեցին Շուշիի ադրբեջանական վերակառուցմանը:
Բոլոր խաչաքրերը վկայագրված ու Արցախի հուշարձանների ցանկում էին ներառված, ասում է Հուշարձանների պահպանության վարչության նախկին պետը: Մեկ տարի առաջ էլ Ադրբեջանը հնագույն տապանաքարերով Ղազանչեցոցի գերեզմանոցը հողին հավասարեցրեց: Հենց այդ տեղն էր անհրաժեշտ օպերային թատրոնի կառուցման համար:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն է պեղումներ իրականացրել Շուշիի հողին հավասարվեցված գերեզմանատանը: Այն շուշեցիները հայ-ռուսական էին անվանում, թեպետ տապանաքարերը վկայում են, որ այնտեղ միայն հայեր ու ռուսներ չէին հուղարկավորված: Ըստ Համլետ Պետրոսյանի՝ տարածքում ոչ թե 3, այլ 5 խաչքարեր էին:
Այս տարվա ապրիլին Բաքուն հողին էր հավասարեցրել Ստեփանակերտի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին: Բաքուն ոչ միայն հաստատեց, նաև հիմնավորում գտավ. այս 2 եկեղեցիները, ըստ նրանց, «օկուպացիայի խորհրդանիշներ» էին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բացառիկ լուսանկարներ. Լեռնային Ղարաբաղում քանդվել են տաճար և եկեղեցիՀնագետ Համլետ Պետրոսյանը շեշտում է՝ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի ոչ միայն 90-ականներից հետո կառուցված հուշարձանների հետ. նրանց ամենամեծ թշնամին 18-19-րդ դարերն են, ասում է՝ դրանք անհնար է աղվանացնել:
Հայերի հետքն Արցախի գյուղերից ու քաղաքներից չեզոքացնելու միակ տարբերակն այդ ամենը շինարարական որևէ նախագծով ոչնչացնելն է: Այդպես էլ անում են ու անելու են, ըստ պատմաբանի: Համլետ Պետրոսյանը Monument Watch անկախ ակադեմիական հարթակի գիտական ղեկավարն է ու արդեն չգիտի՝ ում ու ինչի համար են պատմական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ այս հերթական ահազանգերը:
Արցախի հուշարձանների հարցով Հայաստանը զբաղվելու միտք չունի, Նիկոլ Փաշինյանի հիմնավորումներից մեկն էլ այն է, որ պետք է շրջահայաց լինեն, նման թեմաները երկսայրի սուր են: Համլետ Պետրոսյանը կասկած չունի՝ մշակութային ժառանգությունը փրկելու վերաբերյալ քննարկումը, ահազանգը, երկխոսությունը ոչինչով չի վտանգում խաղաղության պլանը:
Ավելին՝ ռեպորտաժում.