Թեև երեկվանից ակտիվորեն շրջանառվում են Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները, սակայն Կառավարության օրակարգում այդ հարցն ընդգրկված չէր: Գործադիրի այսօրվա նիստին Դավիթ Առուշանյանը չէր մասնակցում: Փոխարենը՝ աշխատակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որում հանձնարարականներ է տվել:
Սակայն նրա հնարավոր պաշտոնանկությունը նաև վարչապետն այսօր ըստ էության չհերքեց: «Եթե կլինի համապատասխան որոշումներ, կհրապարակվի՝ կիմանաք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:
Ինքը՝ Դավիթ Առուշանյանը երեկվանից հեռախոսազանգերին չի պատասխանում, թեև մինչ այդ լրագրողների համար հասանելի պաշտոնյա էր համարվում: Նրա անմիջական ղեկավարը՝ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խութադյանն այսօր հրաժարվեց հստակ ասել՝ ի վերջո Առուշանյանը պաշտոնից ազատվե՞լ է, թե՞ ոչ:
Նախարարը հաստատեց տեղեկությունը, որ երկու օր առաջ Դավիթ Առուշանյանը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստին, ավելին՝ նա առաջադրվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ ցուցակով, և վարչությունը «կանաչ լույս» է վառել:
ՔՊ-ական մարզպետի պաշտոնանկության հնարավոր վարկածը դեկտեմբերի 7-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու պատարագն է համարվում, որն ուղեկցվեց իշխանականների համար տհաճ մի շարք միջադեպերով: Նախ տեղի բոլոր հոգևորականները հրաժարվեցին դեմ դուրս գալ Կաթողիկոսին, ապա պատարագին մի խումբ գյումրեցիներ հնչեցրին Կաթողիկոսի անունը, մի շարք գյումրեցի կանայք էլ ամոթանք տվեցին Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին ու ՔՊ-ականներին, նաև «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» գրությամբ և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների դիմանկարներով պաստառ կախվեց քաղաքապետարանի շենքից:
Տարածքային կառավարման նախարարը հակառակ պնդումն արեց, թե Գյումրիի պատարագից գոհ են. - «Պատարագը Գյումրիում անցել է շատ հրաշալի, ես ինքս մասնակցել եմ»:
Դավիթ Խուդաթյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ Շիրակի մարզպետի պաշտոնին կնշանակվի Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը, հորդորելով սպասել:
Անան Ոսկանյանը ևս այսօր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Արթիկի համայնքապետարանում նրա աշխատասենյակը փակ էր: Օգնական Սևակ Պետոյանն ասաց, որ համայնքապետը խոշորացված համայնքի վարչական տարածքում է, խորհրդակցություններ է անցկացնում:
«Ներկա պահին պարոն Ոսկանյանը շրջայցի մեջ է գտնվում Արթիկ համայնքի տարբեր վարչական տարածքներում: Ելնելով այն հանգամանքից, որ 2025 թվականի դեկտեմբեր ամիսն է, տարին ամփոփվում է, և տարբեր աշխատանքներ կան, ծրագրեր կան, մեր տարբեր վարչական տարածքներում տարբեր աշխատանքներ կան, և համայնքի ղեկավարը իրեն բնորոշ աշխատանքային գործունեությամբ շրջայց է կատարում Արթիկ համայնքի տարբեր վարչական շրջաններում», - փոխանցեց Պետոյանը:
Անան Ոսկանյանին մարզպետ նաշանակելու մասին լուրերն իրենց էլ են հասել, բայց պաշտոնապես որևէ բան հաստատված չէ, ասաց օգնականը. - «Որևէ տեղեկություն, որևէ հաստատում չունենք, ինչպես որ դուք, այնպես էլ մենք այդ մասին իմացել ենք լրատվամիջոցներում տարածված խոսակցություններից»:
Անան Ոսկանյանը նույնպես ՔՊ-ական է, քաղաքապետ է ընտրվել չորս տարի առաջ, ըստ էության դեռ մեկ տարի ունի պաշտոնավարելու: