Շիրակի մարզում կարկտահարությունների վնասն «ահռելի» է

Պաշտոնական թվեր դեռ չեն հրապարակվում, բայց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունում է, որ այս տարի իրար հաջորդած կարկուտների վնասի ծավալներն ահռելի են: Մարզպետարանում առայժմ հաշվել են 5 կարկտահարությունից 3-ի վնասները:

Մինչ պաշտոնյաները դեռ գույքագրումն են շարունակում, կարկուտից տուժած մարդիկ սպասում են, որ պետությունը կաջակցի ու վնասը կփոխհատուցի: Նման նախադեպ եղավ անցած տարի՝ համապետական ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Շիրակի մարզպետը, սակայն, հույս չի տալիս. ասում է՝ ոչ կառավարության որոշում կա, ոչ էլ օրենք, որ կարկուտի կամ տարերային աղետի վնասը պետք է փոխհատուցվի: Մարզխորհրդի վերջին նիստում Առուշանյանը որոշ թվեր, այնուամենայնիվ, հրապարակեց, օրինակ, գյուղատնտեսությանը: 6000 հեկտար ցանքատարածություն է տուժել: Ակնարկեց, որ փոխհատուցում կստանան ապահովագրված ցանքատարածությունները, մնացածի հարցով կառավարությանը փոխհատուցում տրամադրելու փաստարկ այլևս ինքն էլ չունի:

Ըստ գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության տվյալների՝ Հայաստանում ընդամենը 8391 հեկտարն է ապահովագրվել, ընդ որում, ամենաշատը՝ 3778 հեկտարը Շիրակի մարզում, որտեղ աճում է Հայաստանում մշակվող հացահատիկի 30 տոկոսը: Հացահատիկի կարկտահարության դեպքերn այս տարի կառավարությունը ներառել է գյուղապահովագրության ցանկում: Մեկ հեկտարի համար գյուղացին վճարում է միջինը 5-10 հազար դրամ, մնացածը պետությունն է վճարում: Բերքը կորցրած գյուղացիներից շատերը փոշմանել էին, որ չէին ապահովագրել իրենց դաշտերը:

Գյուղատնտեսությունից հետո գույքային ամենամեծ վնասը ավտոմեքենաներին է հասցվել, հատկապես Գյումրիում:

Կարկուտից վնասված մեքենա Գյումրիում

Ըստ Առուշանյանի՝ նաև ջերմոցային տնտեսությունների վնասն է շատ մեծ: Սա վերջին տարիներին մարզում տարերային ամենամեծ աղետը կարելի է համարել՝ իր մասշտաբով ու հասցրած վնասով, որը տարբեր դիտարկումներով կարող է մի քանի միլիարդ դրամը գերազանցել:

Իսկ պետությունը եթե փոխհատուցի էլ, ապա ոչ թե ամբողջական, այլ մասնակի կլինի, ինչպես եղավ 2024, 2025 թվականների կարկտահարության ու քամու հասցրած վնասների դեպքում:

Ավելին՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Շիրակի մարզում կարկտահարությունների վնասն «ահռելի» է

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շիրակում կարկուտը վնասել է հացահատիկի դաշտերը. ի՞նչ քայլեր է ծրագրում գործադիրըՈւժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել Գյումրիին և մեկ տասնյակ այլ համայնքներիԿարկուտը վնասներ է հասցրել Շիրակի մարզում Կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզում«Հազիվ ենք փրկել երեխաներին». Գյումրիում կարկուտը տանն է «գիշերել», փողոց, խանութ ու մեքենա հեղեղել