Շինարարական ձգձգումներ և խցանումներ. Ավինյանը պահանջում է «վարչարարական տեռոր»

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր զայրացավ, երբ իր խորհրդական Կամո Արեյանը խոսեց Երևանում փնթի շինարարության և ճանապարհներին ընթացող աշխատանքների ձգձգումների մասին. «Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր»:

Հատկապես Պարոնյան-Պռոշյան հատվածում ընթացող աշխատանքներն էին քաղաքապետի կոշտ արձագանքի պատճառը: Այս հատվածում Ջրային պետական կոմիտեն ջրամատակարարման խողովակների հետ կապված է աշխատանքներ անում կապալառու ընկերությունների միջոցով: Իր խորհրդական Կամո Արեյանի զեկույցին ի պատասխան, որ աշխատանքները ձգձգվում են, ծավալները բավարար չեն, Ավինյանը հայտարարեց, թե պետք է պատժել անբարեխիղճ ընկերություններին:

«Վերջնագրով խոսակցություն է եղել, խնդրել եմ մեր գործընկերներին՝ տեր կանգնեք ձեր կապալառուին, կա՛մ պատժեք, կա՛մ ծրագիրը հանեք այս վիճակից: Նույն փնթիությունը անում է տեխհսկիչը», - արձագանքեց Կամո Արեյանը:

Ջրային պետական կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աղունիկ Հովհաննիսյանն ասում է՝ Պռոշյան և Պարոնյան փողոցներում երկու տարբեր ընկերություններ են իրականացնում շինաշխատանքները ու ժամկետների խախտում կա միայն Պռոշյան փողոցում: Պարոնյան փողոցում պայմանագրով մինչև նոյեմբեր պիտի աշխատանքները շարունակվեն, իսկ Պռոշյան փողոցում դեռ ապրիլին պիտի ավարտած լինեին, բայց աշխատանքները չեն ավարտել անգամ լրացուցիչ ժամկետներում, քանի որ բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ են ի հայտ եկել, դրանցից մեկը՝ մայիսին Երևանում կազմակերպված Հայաստան-Եվրամիություն երկկողմ գագաթնաժողովն էր, որի պատճառով աշխատանքները հետաձգվել են: Այնուամենայնիվ այդ ընկերությունը տուգանվել է:

«Պարոնյանում շինաշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերին, իսկ Պռոշյանը, խնդրահարույցը, որ ժամկետը երկարաձգվել է և ուշացումներ կան, ըստ նախնական գնահատականի, պիտի որ ավարտվի աշնան առաջին ամսին՝ սեպտեմբերին», - ասաց Հովհաննիսյանը:

Մինչ քաղաքապետարանն ու Ջրային պետական կոմիտեն հեռակա վեճի մեջ են, Պռոշյան ու Պարոնյան փողոցներում մշտական խցանում է... տարբեր հատվածներում աշխատում են բանվորներն ու տեխնիկան, տեղ -տեղ փակցված է երթևեկությունը 20 կիլոմետր ժամով սահմանափակող նշանը... մեքենաները, սակայն, ցանկության դեպքում էլ չեն կարող մեծ արագություն բացել:

Արտաշես Պետրոսյանը, ով տաքսի է վարում, ասում է՝ ոչ միայն այստեղ, այլև մայրաքաղաքի այլ հատվածներում էլ վիճակը լավ չէ: Երևանի փողոցներով օրվա մեջ բազմաթիվ կիլոմետրեր քշող վարորդը նկատում է՝ շատ փողոցներ սկսում են քանդել ասֆալտապատելուց կարճ ժամանակ անց:

Տիգրան Ավինյանը, մինչդեռ, այսօր զայրացած խոսում էր ոչ միայն ճանապարհների շինարարության, այլև շինհրապարակների թերի կահավորման մասին, այս մասով էլ ասաց՝ ՏԻՄ օրենքում փոփոխություն են արել, ընդլայնել են քաղաքապետարանի պատժիչ հնարավորությունները, հետևաբար մինչև տարեվերջ այլևս պիտի չկահավորված շինհրապարակ չլինի:

Վարչարարական տեռորը Ավինյանը հանձնարարեց նաև շինհրապարակների նկատմամբ իրագործել:

Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասում է՝ երկու տարի է արդեն իրենք բարձրաձայնում են այս խնդիրների մասին, անգամ հենց քաղաքապետարանի քթի տակ՝ Բյուզանդի մասնաշենքի մոտ տեղի ունեցող խախտումների մասին են ահազանգել, ու ցավալի է, որ միայն երկու տարի անց է Ավինյանը խոսում շինհրապարակների խիստ հսկողության մասին:

Իսկ նոր ՏԻՄ օրենքն, ըստ ավագանու անդամի, միևնույն է դեռ խիստ չէ, ու ինքն ասում է՝ չի հավատում, որ քաղաքապետի այս ելույթից հետո տարեվերջին էական փոփոխություն լինի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շինարարության զոհերից մեկն ենք դառնում». Անաստաս Միկոյան 2/2-ի բնակիչները կվիճարկեն շինթույլտվության օրինականությունըՕրեցօր ծանրացող խցանումները` մեծ մարտահրավեր երևանցիների համար