Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գտնելն ավելի ու ավելի է դժվարանում:
Նոյեմբերին «Ազատություն» ռադիոկայանի «Սիստեմա» հետաքննական նախագիծը բացահայտել էր, որ Կրեմլը թաքցնում է Պուտինի գտնվելու վայրը և գաղտնի պահում նրա ուղևորությունների մեծ մասը՝ փոխարենը ներկայացնելով կադրեր Ռուսաստանի տարբեր մասերում գտնվող երեք՝ գրեթե նույնական գրասենյակներից։
Այդ պահից մինչ օրս՝ ավելի քան 160 օր, Կրեմլը որևէ լուսանկար կամ տեսանյութ չի հրապարակել այդ երեք գրասենյակներից, որոնցից մեկը գտնվում է Մոսկվայից դուրս, մյուսը՝ Սոչիում՝ Սև ծովի ափին, երրորդն էլ՝ մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք՝ Վալդայի անտառապատ տարածքում:
Մարտի 18-ին, սակայն, Կրեմլի ղեկավարը երևաց էկրաններին․ հրապարակված տեսանյութում երևում էր, թե ինչպես է Պուտինը ուկրաինական Ղրիմի օկուպացիայի 12-ամյակի առթիվ հեռավար նիստ անցկացնում ենթադրաբար այդ գրասենյակներից մեկում: Անհասկանալի էր, թե նախագահը երեքից որ սենյակն էր օգտագործել հանդիպման համար. Մոսկվայի կանաչապատ արվարձանում գտնվող Նովո-Օգարյովոյի նստավայրը, թե դրա կրկնօրինակներից մեկը։ «Սիստեմա»-ին նրա գտնվելու վայրը տեղորոշել չի հաջողել:
1999-ից ՌԴ նախագահ և վարչապետ լինելով՝ Պուտինը միշտ ձգտել է գաղտնի պահել իր անձնական կյանքը։ «Սիստեմա»-ի հետաքննությունը ցույց է տվել, որ Կրեմլը նաև մանրակրկիտ քայլեր է ձեռնարկել նրա գտնվելու վայրը թաքցնելու համար։
Տարիներ շարունակ Նովո-Օգարյովոյի գրասենյակը գործել է Կրեմլի համար որպես տեսողական խարիսխ՝ հանդիպումների, տեսազանգերի, և Անվտանգության խորհրդի նիստերի համար, որոնք իբրև Մոսկվայի մարզում են տեղի ունեցել:
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Նովո-Օգարյովոյում, Սոչիում և Վալդայում գտնվող գրեթե նույնական գրասենյակները տեղակայող շենքերը։
Իրականում Պուտինը հաճախ հեռվում է եղել։ 2025-ի «Սիստեմայի» հետաքննությունից պարզ դարձավ, որ վերջին տարիներին Նովո-Օգարյովոյում ենթադրաբար տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումներն իրականում նկարահանվել են Վալդայ համալիրում կամ Բոչարով Ռուչեյի նստավայրում, որը գտնվում է Սոչիում՝ Մոսկվայից մոտ 1500 կիլոմետր հարավ։
«Սիստեմա»-ի եզրակացությունները հիմնված են հարյուրավոր տեսանյութերի, լուսանկարների և ճամփորդական փաստաթղթերի, ինչպես նաև այլ ապացույցների ուսումնասիրության վրա: Գրեթե միանման երեք գրասենյակները միմյանցից տարբերվում են միայն մանրազնին հայացքի ներքո՝ տարբերվում են դռան բռնակի դիրքը, փայտե սկուտեղի կառուցվածքը, փողկապի նախշերը:
«Սիստեմա»-ի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մինչև մարտի 18-ը բոլոր երեք գրասենյակներն էլ ամբողջությամբ անհետացել էին Կրեմլի պաշտոնական տեսագրություններից՝ 2025-ի հոկտեմբերի 7-ից ի վեր։ Նույն օրն՝ իր 73-ամյակին, Պուտինը տեսակապով անցկացրեց Անվտանգության խորհրդի նիստը: Չնայած Կրեմլը պնդում էր, որ նախագահը գտնվում էր Նովո-Օգարյովոյում, վիզուալից կարելի է ենթադրել, որ այն նկարահանվել էր Սոչիի նույնական գրասենյակում։
Կրեմլի կողմից այս ամսաթվերին հրապարակված լուսանկարներում խոշոր պլաններով երևում է Պուտինի Կրեմլի գրասենյակում գտնվող բույսերը՝ թվային կարգով. 2025-ի սեպտեմբերից մինչև 2026-ի փետրվար, 2026-ի փետրվարի 25, 2026-ի մարտի 2, 2026-ի մարտի 3
Կրեմլը երբեք չի ընդունել կրկնօրինակ սենյակների գոյությունը և չի արձագանքել «Սիստեմա»-ի հարցումներին: «Ազատության» հետաքննող լրագրողները, սակայն, գտել են ապացույցներ, որ միայն 2025-ին նախապես ձայնագրված կադրերն օգտագործվել են առնվազն 18 անգամ։
Կրկնօրինակ գրասենյակների օգտագործումը ավելացավ COVID-19 համավարակի օրերին և շարունակվեց 2022-ի փետրվարին՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումից հետո, թերևս հնարավորություն տալով Պուտինին մնալ ավելի անվտանգ վայրերում։
Անցած հոկտեմբերից ի վեր տեսանյութերի բացակայությունը անհասկանալի է դարձնում, թե որքան ժամանակ է Պուտինը անցկացրել երեք բնակավայրերից որևէ մեկում, և ենթադրում է, որ նա, հնարավոր է, փորձում է ավելի թաքցնել իր գտնվելու վայրը։
«Սիստեմա»-ի նախորդ՝ 2025-ի հետաքննությունը փաստում է, որ Պուտինը նախապատվությունը տվել է Վալդայի գրասենյակին՝ արդեն հինգերորդ տարին Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին։ Այդ նստավայրն ավելի մեկուսացված է, քան Նովո-Օգարյովոնը և Բոչարով Ռուչեյիը: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը օգոստոսին հաղորդել էր, որ դրա շրջակայքում տեղադրվել է 12 հակաօդային պաշտպանության կայան, որոնց մեծ մասը Pantsir-S1 հրթիռային համակարգեր են։
Դեկտեմբերին Ռուսաստանը հայտարարեց, որ Ուկրաինան տասնյակ անօդաչու թռչող սարքեր է օգտագործել՝ փորձելով հարձակվել Վալդայի նստավայրի վրա։ Ուկրաինան հերքեց այդ պնդումները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ սկզբում ենթադրեց, որ Կրեմլի չի ստում, բայց ավելի ուշ, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաների գնահատականներին, հայտարարեց, որ այդպես չէ։
Պուտինի գտնվելու վայրը գերգաղտնի դարձնելու Կրեմլի ցանկությունը նոր իմաստ է ստանում ավտորիտար առաջնորդների սպանությունների և գերեվարումների ֆոնին՝ Իրաքի Սադդամ Հուսեյնից և Լիբիայի Մուամմար Քադաֆիից մինչև վերջին երեք ամիսների ընթացքում Վենեսուելայի Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունն ու տեղափոխումը ԱՄՆ և Իրանի այաթոլլա Ալի Խամենեի սպանությունը։