Շահրամանյանը «զառանցանք» որակեց «փախչելու» մասին Փաշինյանի պնդումը. վերջինս շեշտեց՝ «ճողոպրելու» հրաման չի տվել

Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «զառանցանքներ» որակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե արցախցիների ղեկավարության կռվելու մասին պնդումները միֆ են:

Ըստ Շահրամանյանի նման «սադրիչ» խոսույթների նպատակն է պառակտել և հասարակության մեջ անհանդուրժողականություն սերմանել:

«Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են», - նախորդ շաբաթ ճեպազրույցում հայտարարել էր Փաշինյանը:

Նա նաև ասել էր՝ անհրաժեշտ լինի, այդ մասին տվյալները կգաղտնազերծի:

Շահրամանյանը նշեց, որ Հայաստանի գործող իշխանություններն են 2020-ի պատերազմի ժամանակ եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում. «Իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը»:

Նա հավելեց, որ Արցախին առնչվող բոլոր հարցերը քննարկվել են Հայաստանի ղեկավարության հետ:

2023-ին՝ Ղարաբաղի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ընթացքում վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, ու Հայաստանը ներքաշված չէ ռազմական գործողությունների մեջ: Այսօր էլ շարունակեց պնդել՝ ինքը «փախչելու» մասին հորդորներ չի արել:

«Մարդիկ թող իրենց փախչելը, իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Ով նման բան ասում է, ինքը ճողոպրողների բանակից է: <> Ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդն ի՞նչ պիտի լինի, ծառայության արդյունքում դիրքերում պահածոների բանկաները կախել են, իրենց դղյակները սարքել», - ճեպազրույցի ընթացքում ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելին, պնդեց՝ որոշ մարդիկ, ովքեր պատերազմի ընթացքում ուղղակի դասալքությամբ են զբաղվել, այսօր Հայաստանում այլ հայտարարություններ են անում: «Մարդիկ եկել են Ղարաբաղից, այստեղ տղամարդլամիշ են լինում, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները, որ ուսումնասիրում եմ, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը՝ դասալիք, մեկը՝ որդուն դիրքից փախցնող»:

Շահրամանյանն այսօր մեկնաբանեց նաև պատերազմի հնարավորության, պատմական արդարության էջը փակելու մասին ՀՀ ղեկավարի հայտարարությունները՝ ասելով, որ Հայաստանի անվտանգությունն առաջնահերթություն է, արցախցիներն այսօր փորձում են ամեն ինչ անել՝ առիթ չդառնալու ռազմական գործողությունների, սակայն իրավունք ունեն բարձրաձայնել իրենց վերադարձի միջազգային իրավունքը:

Ինչ վերաբերում է իշխանությունների պնդումներին, որ հենց Շահրամանյանի հրամանագրով լուծարվեց Արցախը, իսկ Արայիկ Հարությունյանն էլ նրանց, ոչ թե ՀՀ ղեկավարության ճնշմամբ գնաց հրաժարականի, Արցախի վերջին նախագահն ասաց, որ Հարությունյանը շրջափակման ընթացքում մի քանի անգամ է նման որոշման եկել:

«Վերջին անգամ, որ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ պետք է հրաժարական տա և հիմնավորում էր, որ կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որ իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախն այդ իրավիճակից, որևէ ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ քաղաքական գործիչներից ես չեմ տեսել», - վստահեցրեց նա:

Արցախի նախագահը հրաժարական տվեց 2023-ի սեպտեմբերի 1-ին, ընդ որում՝ հեռանալուց առաջ վստահեցրել էր՝ որոշումը բացառապես իրենն է։ Նա նաև պարզաբանել էր, թե հնարավոր զարգացումների պայմաններում մոտեցումների փոփոխության կարիք կա, իսկ դրա համար Արցախում պետք է հիմնական դերակատարները փոխվեն։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունը բազմիցս պնդել է՝ Արցախում իշխանափոխություն են իրականացրել նախկինները և ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էլ լուծարել են Արցախը:

Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին:
Սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ ընտրությունից տասն օր անց, Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա, ինչից հետո Շահրամանյանը Արցախը լուծարելու մասին հրամանագիր ստորագրեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում խոսել է իր հրաժարականի և Արցախի ինտեգրացիայի մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փախել, ճողոպրել են». ըստ Փաշինյանի՝ արցախցիների կռվելու մասին պնդումները միֆ են