Շահրամանյանը հերքում է, թե Բաքվին Վարդանյանի կոորդինատներն է փոխանցել

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան, արխիվ

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին այսօր Քննչական էին հրավիրել՝ պարզելու՝ ճի՞շտ են ադրբեջանական լուրերը, թե իբր նա է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կոորդինատները փոխանցել Բաքվին:

«Տարածել է ադրբեջանական կառավարության կից գործող կայքերը, և, ցավոք սրտի, նաև Հայաստանի որոշ իրենց արբանյակներ փորձել են դրանք տարածել, ներկայացնել, որ իբր գերեվարված անձանց կոորդինատները տրամադրվել են իմ կողմից, որը ոչ թե միայն սուտ է, այլ դա հորինված թեզեր է», - հայտարարեց Շահրամանյանը:

Ադրբեջանական Minval-ն էր օրեր առաջ տարածել, թե Ռուբեն Վարդանյանը Արցախի հայաթափման օրերին այլ ճանապարհով ծրագրել էր լքել Ղարաբաղը, ու նրա կոորդինատները Բաքվին հայտնել է Արցախի նախագահը: Բաքվի իշխանական լրատվամիջոցի այս տեղեկությունը տարածել էին հայաստանյան Radar-ն ու իշխանամերձ բլոգեր Ռոման Բաղդասարյանը: Վերջինս հայտնի է արցախցիների նկատմամբ ատելության քարոզով:

«Ոչ մեկ թաքնված չէր, ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր՝ ով որտեղ ա գտնվում: Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինչ-որ բունկերում, անտառում, այլընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում: Ինքը տեղափոխվել է, փորձել է, ինչպես բոլորը, տեղահանվել դեպի Հայաստանի Հանրապետություն այդ ժամանակահատվածում գործող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով», - ընդգծեց Արցախի վերջին նախագահը՝ շարունակելով. - «Եվ շատ լավ իմանալով, իմ կարծիքով, որ գերեվարման համար և ձերբակալման համար ինքը ադրբեջանական կողմից ունի նման, կա նման որոշում, և ինքը չի թաքնվել, ինքը մեքենայով դուրս ա եկել, ինչպես բոլորը, և գերեվարվել է Հակարի կամրջում: Այսինքն՝ անտրամաբանական է նշել, որ ինչ-որ մեկը պետք է կոորդինատներ տրամադրեր, որ իրեն ձերբակալեն»:

Թե ինչ հարցեր են տվել քննիչները, Շահրամանյանը չասաց, նրա փաստաբանն ընդհանուր նշեց, որ Քննչական կանչելու առիթը այս հրապարակումներն են եղել:

Իսկ քրեական գործը, որի շրջանակում էլ կանչել քննել են, դեռ 2023-ին է հարուցվել արցախցի նախկին պաշտոնյա Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա: Խոսքը 2023-ի ռազմական գործողությունների մասին է, այս գործով Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի:

«Մենք երբևիցե չենք խուսափել ներկայանալու վարույթ իրականացնող մարմիններ և տալ համապատասխան հարցերի պատասխաններ», - ասաց Արցախի վերջին նախագահը:

Արդյո՞ք ռուսական ուղղաթիռներով հնարավոր չէր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Սամվել Շահրամանյանն ասաց՝ բոլորը մանրակրկիտ ստուգվում էին, ընդհուպ վիրավորների վիրակապերն են ադրբեջանցիները քանդել, որ համոզվեն՝ իսկապես վիրավորներն են ուղղաթիռում:

«Դա հնարավոր չէր էդ օրերին կազմակերպել», - նշեց Շահրամանյանը:

Արցախցիների ելքն անվտանգ ապահովելու դիմաց Բաքուն պահանջել է նաև Պաշտպանության բանակի հրամանատարին, ասաց Արցախի վերջին նախագահը: Կամո Վարդանյանին հաջողվել է հասնել Հայաստան:

«Այո, այդ մարդիկ տեղյակ էին, որ Ադրբեջանը ունի նման որոշում, և մնացել են և ապահովել են անվտանգ բնակչության դուրսբերման գործընթացը», - ասաց Շահրամանյանը:

Հայ-ադրբեջանական խաղաղությունն առանց գերիների վերադարձի Լեռնային Ղարաբաղի վերջին ղեկավարը չի պատկերացնում: Նա այսօր էլ խոսեց արցախցիների վերադարձի իրավունքի մասին: Սա ռևանշ չէ, այլ միջազգային իրավունքից բխող հարց, Փաշինյանի ու նրա թիմակիցների մեղադրանքներին արձագանքեց Շահրամանյանը. - «Եվ մեզ մեղադրել դրա մեջ, որ մենք ինչ-որ, ով որ վերադարձի հարց ա բարձրացնում, հրահրում է պատերազմ կամ ուզում է պատերազմ, դա ճշմարտություն չի»:

Սամվել Շահրամանյանին Քննչական են կանչել նաև Բագրատ արքեպիսկոպոսի գործով: Օրեր առաջ քննիչները խուզարկում էին Արցախի ներկայացուցչության շենքը, որտեղ հավաքվում են արցախցի գործիչները: Շահրամանյանը հստակ դիրքորոշում է հայտնել նաև Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավի մասին ու պաշտպանել Կաթողիկոսին, որը միջազզային հարթակներում բարձրացնում է արցախցիների իրավունքների հարցը:

Արցախի վերջին նախագահին տարբեր գործերով պարբերաբար Քննչական կանչելը նրա փաստաբանը համարում է իշխանական ճնշում և չի բացառում, որ մի օր էլ նրան կկալանավորեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խուզարկություն՝ Արցախի ներկայացուցչությունում. ի՞նչ էին փնտրում քննիչները«ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ». խորհրդարանական լսումներ՝ Արցախի ներկայացուցչությունում«Իրականությունն այն է, որ Արցախը համարվում էր թոկ Հայաստանի վզին». Սամվել Շահրամանյան«Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական». Շահրամանյան