Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38 տոկոսը, նույն փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ և մեկ ավտոկայանատեղիի 38 տոկոսը, բանկում ներդրված ընդհանուր 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները, և 352 միլիոն 438 հազար դրամ, փոխանցում է Դատախազությունը:
Երրորդ նախագահի փաստաբանն ավելի վաղ «Ազատության» հետ զույցում ապօրինի և արհեստածին էր որակել Սերժ Սարգսյանի և նրա դուստրերի դեմ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված դիմումը: